Վարդան Արամյանը դժվարացավ պատասխանել բանանի և շաքարավազի ներկրողներին վերաբերող հարցին. «Դա Ֆինանսների նախարարության մանդատի ներքո չէ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ընթանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի 25-ամյա համագործակցությանը նվիրված «Ապագայի Հայաստանը» ֆորումը: Լրագրողները ֆորումին ներկա ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեցին՝ 25 տարի Համաշխարհային բանկը ՀՀ-ին աջակցում է, բազմաթիվ ներդրումներ են արվել, ինչո՞ւ երկրում սոցիալական վիճակը չի փոխվում:
Ի պատասխան՝ նախարարը նկատեց, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցում ենք 1992 թվականից. «Սիրիլ Մյուլլերը շատ հստակ նշեց, որ 1992 թվականից այս կողմ մենք ունեցել ենք բավականին լավ առաջընթաց: Դա չափվում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, ենթակառուցվածքների զարգացման ինդեքսով, դա նաև չափվում է գնողունակության ինդեքսով պայմանավորված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով: Այսինքն՝ մենք չենք կարող արձանագրել, որ առաջընթաց չենք ունեցել: Համաշխարհային բանկի չափանիշներով Հայաստանը համարվում է միջին եկամուտով երկիր: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ իրականում մեզ մոտ եղել է զարգացում: Զարգացման տեմպի մասով մենք ունենք ամբիցիոզ քայլեր նախաձեռնելու շարժառիթներ և պահանջներ, որը մենք ամրագրել ենք կառավարության մեր ծրագրում»:
Դիտարկմանը, թե՝ դրամավարկային քաղաքականությունն այսօր ի նպաստ ներկրողի է և ոչ թե արտադրողի, նախարարն այսպես արձագանքեց. «Դրամավարկային քաղաքականությանը ծանրաբեռնել այդպիսի թեզով՝ ճիշտ չէ: Կարծում եմ՝ դրամավարկային քաղաքականությունը շատ պարզ հարց է լուծում՝ դա ֆինանսական կայունությունն է և գնաճի թիրախին հասնելն է: Երբեք դրամավարկային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ աճ ստեղծել, բայց նա կարող է նպաստել կայուն աճին: Այն, ինչ դուք ասում եք, հարկաբյուջետային քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների անելիք է: Ես կարծում եմ՝ այսօրվա դրությամբ դրամավարկային քաղաքականությունը ճիշտ ուղղության վրա է»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե՝ այս կամ այն ծրագիրն իրականացնելիս ահռելի գումարներ են հատկացվում խորհրդատվությանը, Վ. Արամյանը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ ամենաթանկ բանը գիտելիքն է, ամենաթանկ ծառայությունը ճիշտ նախագծումն է, մնացածն ածանցյալ են.
«Ասել, թե խորհրդատվության վրա շատ է գնում կամ քիչ, դժվար է դրան պատասխանել, որովհետև պետք է ունենանք գործիք: Լավ խորհրդատվությունը միշտ էլ թանկ արժի»:
Հարցին էլ, թե՝ կա՞ վիճակագրություն, թե ձեր պայքարի շնորհիվ քանիսն են կարողացել բանան ներկրել, շաքարավազ ներկրել, թե՞ մենաշնորհային դիրքը շարունակում է մնալ, Վ. Արամյանը դժվարացավ պատասխանել. «Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև դա Ֆինանսների նախարարության մանդատի ներքո չէ: Ես, իհարկե, մակրոտնտեսական ցուցանիշներին տիրապետում եմ, բայց այդ հարցի նպատակային պատասխանն այլ մարմին պետք է տա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: