«Հայաստանում պետական մակարդակով խրախուսվում է մենաշնորհը». Սամվել Մարտիրոսյանը՝ «Ինֆորմատիկայի» դասագրքերի մասին

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սոցիալական մեդիայում քննարկման առարկա դարձան հանրակրթական դպրոցներում դասավանդվող ինֆորմատիկայի դասագրքերը: Այսօր Մեդիա-կենտրոնում կազմակերպված «Գնահատականներ և դիտարկումներ «Ինֆորմատիկա»-ի դասագրքերի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ խնդիրը մի քանի շերտ ունի.

«Առաջին շերտը շատ ավելի գլոբալ է. «Ինֆորմատիկայի» դասավանդման հետ խնդիր ոչ միայն Հայաստանում կա։ Համակարգչային հմտությունները երևի թե միակ առարկան է, որտեղ երեխաներն ավելի մեծ հմտություններ ունեն, քան ուսուցիչները։ Սա արդեն խնդիր է, թե ինչպես դասավանդել, որպեսզի դասատուի հեղինակությունը պահպանվի։ Սա լուրջ հարց է։ Մենք պետք է հաշվի առնենք սերնդի յուրահատկությունները»։

Մյուս խնդիրը, ըստ Մարտիրոսյանի՝ այն է, որ ինչքան էլ լավ դասագիրք գրվի, գրվելու ընթացքում այն հնանալու է. «Այսինքն՝ խնդիրը նաև նրանում է, որ մարդ ֆիզիկապես ունակ չէ դասագիրքը պահել այնպես, որ նա լինի արդիական։ Իսկ դա արդեն խնդիր է, երբ աշակերտն առնչվում է մի բանի հետ, որն արդեն գոյություն չունի։ Ինչու այս ամենի մասին խոսվեց, որովհետև ինչ-որ մեկը հայտնաբերել էր, որ KDWIN-ի ուսուցման ձևը կա, թե ինչպես լեզուներն օգտագործեն, հայերենն ակտիվացնեն, բայց այսօր դա խնդիր չէ, որովհետև հայերենն արդեն ներդրված է Windows-ի մեջ։ 2016թ. դասագիրք է, բայց շապիկին Internet-explorer-ն է նկարված, իսկ 2015թ.-ին Microsoft-ը հայտարարեց, որ դադարեցնում է այն զարգացնել, այսինքն՝ երեխան արդեն դասագիրքը տեսնելիս՝ հանդիպում է հնացած երևույթի»։

Փորձագետի կարծիքով՝ մյուս խնդիրը, որը չի քննարկվում, բայց լուրջ խնդիր է, այն է, որ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվում է մենաշնորհը. «Եթե նայեք ծրագրերը, դասագրքերը, կտեսնեք, որ դրանք ամբողջությամբ կենտրոնացած են Microsoft-ի արտադրանքի վրա։ Երեխան փոքրուց սովորում է, որ այլընտրանք չկա։ Երեխան պետք է իմանա, որ կա այլընտրանք, որ նույն Windows-ը աշխարհի վերջը չէ, հազար ու մի այլ բան կա։ Երեխային փոքրուց սովորեցնում ենք միայն վճարովի soft-ից օգտվելուն, իսկ Հայաստանում շատ քիչ ընտանիք կարող է իրեն թույլ տալ՝ գնել լիցենզիոն Windows-ը և դրանից օգտվել լեգալ ձևերով։ Փաստացի, մենք դրանով նաև խրախուսում ենք ցանցագողությունը։ Նաև կրթական համակարգի պատճառով՝ Հայաստանն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի՝ գողացած ծրագրային ապահովման օգտագործման տեսանկյունից»։

Կարդացեք նաև

Հետևաբար, Սամվել Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ «Ինֆորմատիկան» պետք է լինի առարկա, որի դեպքում երեխաները պետք է ավելի լայն աշխարհայացք ստանան, այլ ոչ թե սևեռվեն մի քանի ծրագիր օգտագործելու վրա. ««Սանտավիկի» էֆեկտն է ստեղծվել.  ինչպես բոլոր լեյկոպլաստներին «Սանտավիկ» են ասում, իսկ տակդիրներին՝ «Պամպերս», այնպես էլ բոլոր թեստային ծրագրերին «Word» են ասում, բայց միլիոն հատ տարբեր ծրագրեր կան, և մեծ մասը՝ անվճար»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս