ՄԻԵԴ-ի հերթական վճռով կառավարությունը կհատկացնի 4100 եվրոյին համարժեք դրամ

ՀՀ կառավարությունը 4100 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի Արդարադատության նախարարությանը՝ ի կատար ածելու համար ՄԻԵԴ-ի հերթական վճիռը։ Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 3571/09 գանգատ) 2017 թվականի ապրիլի 27-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում վճարել 4100 (չորս հազար հարյուր) եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում:

Գործը վերաբերում է գործարար և նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով գործի քննության ընթացքում տեղի ունեցած դատավարական խախտումներին: Դիմումատուն պնդել է, որ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը: Վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանում հնարավորություն չի ունեցել հարցաքննելու վկաներին, և դատավարական որևէ միջոցառում չի ձեռնարկվել այդ բացը լրացնելու համար, ինչը հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

Ի դեպ, այդ որոշումը կառավարության նիստում չի քննարկվելու. հարցը չզեկուցվողների շարքից է։

 

Տեսանյութեր

Լրահոս