Հակակարկտային ցանցերի ներդրման ծրագիրը նախատեսված է խոշոր տնտեսությունների համար. նախարար
Այսօր կառավարության կողմից հավանության արժանացած հակակարկտային ցանցերի ներդրման ծրագիրը նախատեսված է խոշոր տնտեսությունների համար։ Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանն այգետերերին խորհուրդ տվեց միավորվել, խոշորանալ, որպեսզի կարողանան օգտվել ծրագրից։
«Ըստ հնարավորությունների՝ գյուղացիները կդիմեն և կօգտվեն»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ ոչ վճարունակ ֆերմերների համար ԱԻՆ-ի ծրագրով ներդրվում է հրթիռային համակարգ, որի պիլոտը կլինի սեպտեմբերին Արագածոտնում և Արմավիրում, ապա՝ ամբողջ Հայաստանում։
Դիտարկմանը, որ, փաստորեն, հակակարկտային կայաններն անարդյունավետ գտնվեցին, Ի.Առաքելյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ուղղակի ինքն ավելի համակարգված լուծում է պահանջում, տեղային օգտագործումը չի կարող այդքան արդյունավետ լինել»։
Նշենք, որ այս նոր ծրագրով նախատեսվում է նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնել: Մասնավորապես՝ նախատեսվում է տրամադրել 2 տոկոսանոց վարկեր 7 տարի ժամկետով: 2018թ. նախատեսվում է հատկացնել շուրջ 700 մլն դրամ:
Արդյունքում՝ կստեղծվեն մատչելի մեխանիզմներ տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսվարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանա տնտեսվարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար:
Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում: