«Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի». Լևոն Մկրտչյան

«Երևան քաղաքի դպրոցների միավորման պատճառը կողքի դպրոցների առկայությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այսինքն՝ օպտիմալացման ծրագիրն արտագաղթի հետ կապ չունի՞, ինչին ի պատասխան՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ բնակչության թվի նվազումը նույնպես ազդում է դրա վրա։

Խոսելով երկրորդ հերթ ունեցող դպրոցների մասին, նա ասաց, որ հարցը կարևոր է, և պետք է նաև ծնողի համար ընտրության հնարավորություն թողնել. «Հիմա մենք մոնիտորինգի մեջ ենք, Երևան քաղաքի շենքերի 30%-ից ավելին թերբեռնված է և նույնքան գերբեռնված է։ Եթե կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել և ժամկետ տանք, դպրոցները կկարողանան վերախմբավորել իրենց ուժերը։ Հնարավոր է, որ օրինակ՝ եթե կողք կողքի երկու դպրոց կա և մեկը գերբեռնված է, մյուսը՝ թերբեռնված, ապա ծնողների վստահությունը որ դպրոցի վրա է, այնտեղ էլ կդիմի։ Մենք առանց շտապելու՝ պետք է ավելի ռացիոնալ նախագիծ անենք քաղաքների համար, որպեսզի այնպես անենք, որ որևէ կրթական հաստատության շենք շարունակի ծառայել կրթական խնդիրներին, որ չունենանք Մռավյան դպրոցի վիճակը»։

Հարցին՝ դպրոցների տնօրենների, ուսուցիչների աշխատանքի ընդունման համար կարծես թե ֆիքսված գումար է սահմանված, ինչպե՞ս է պատրաստվում այդ վատ պրակտիկայի դեմ պայքարել, նա այսպես պատասխանեց. «Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի։ Եթե պաշտոնյան է նման հանցանք թույլ տալիս, ապա նա ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ։ Այնպես անենք, որ խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին։ Ինչպե՞ս դա պետք է անենք.  եկեք որոշ ժամանակ տանք ընդհանուր կառավարման համակարգին, մենք խոսում ենք նաև «Ուսուցիչ» ծրագրի մասին, և այդ բոլոր հիմնախնդիրներն այդտեղ պետք է արտացոլվեն»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ է լինելու օպտիմալացման ծրագրում առկա դպրոցների ուսուցիչների հետ։ «Շատ մանկավարժների խնդիր չունենք, մի քանի տասնյակի հարց է, և կտեղավորվեն իրենք։ Ավելի շատ ադմինիստրատիվ ապարատի և տեխնիկական անձնակազմի հարցն է, որը ոչ մանկավարժական բնույթի խնդիր է։ Քանի որ մեծ մասն արդեն փոքր աշակերտություն ունեցող դպրոցներ էին, ազատված ուսուցիչ և այլն չունենք»,- պարզաբանեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս