«Շիրակի մարզում հիվանդների կեսը չի կարողանում վճարել մատուցվող ատամնաբուժական ծառայությունների դիմաց»
Առողջապահական ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտության երկրորդ մասում 168.am-ն անդրադարձ է կատարել Գյումրիում գործող ատամնաբուժարանների գնացուցակին՝ որոշ ատամնաբուժական ծառայությունների գներ համեմատելով Երևանում գործող ատամնաբուժական կլինիկաների ծառայությունների գների հետ:
Գյումրիում գործող ատամնաբուժարանների գնացուցակ
ՀՀ-ում 2013-ին գործել են 50 մեծահասակների և 6 պետական մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, 130 պետական ստոմատոլոգիական բաժանմունքներ ունեցող բուժկանխարգելիչ հիմնարկներ, նաև 193 մասնավոր ստոմատոլոգիական կաբինետներ:
Վիճակագրության համաձայն` 2013 թվականին հանրապետությունում գրանցված ստոմատոլոգների թիվը եղել է 1158: Այսպիսով, 10 000 բնակչին բաժին է ընկել 3.8 ստոմատոլոգիական հաստիք:
2012-ին մասնավոր ստոմատոլոգիական հիմնարկներից օգտվել է 286 786 քաղաքացի: Պետական ատամնաբուժարաններ են հաճախել 794 203 մարդ, որոնցից 294 427-ը՝ 0-14 տարեկան երեխաներ, 44 204-ը` 15-17 տարեկան դեռահասներ:
Գյումրի համայնքի զարացման 2017-2021 թվականների ծրագրի համաձայն, Գյումրիում գործում են մարզային ենթակայության թվով 110 առողջապահական կազմակերպություններ՝ 2256 աշխատատեղով: Ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող հաստատությունները 41-ն են՝ 226 աշխատատեղով, դեղատները՝ 43-ը՝ 155 աշխատատեղով:
Գյումրիում գործող «Ստոմա Ստիլ» ատամնաբուժարանի փոխտնօրեն Պետրոս Գևորգյանի խոսքով, բնակչությունը ոչ մի ծառայությունից էլ հեշտությամբ չի կարողանում օգտվել, անգամ՝ շուկայից: Պատճառը ֆինանսի բացակայությունն է:
«Ամսական մոտ 200-250 հիվանդ ենք ունենում: Մեր մոտ պետպատվերով բուժումը մինչև 8 տարեկան երեխաների դեպքում անվճար է, իսկ մինչև 18 տարեկանների դեպքում՝ միայն հատուկ խմբերի համար: Այժմ մեր հնարավորությունների 1/3-ի չափով ենք աշխատում: Ռուսթավելի փողոցի քանդվելը մեծ հարված էր մեզ համար, քանի որ նույնիսկ պետպատվերով հիվանդները չեն կարողանում գալ կլինիկա: Օգոստոս ամսին մեր կլինիկա այցելող փոքրիկների թիվը շատանում է, սեպտեմբերին՝ դպրոցական շրջանում՝ քչանում»,- մեզ հետ զրույցում նշեց ատամնաբուժարանի փոխտնօրենը:
Ինչ վերաբերում է կլինիկայում գործող գնացուցակին, զրուցակիցս նշեց, որ իրենց մոտ լուսային պլոմբի տեղադրումն արժե 5000-7000 դրամ, ավելի որակյալը՝ 7000-9000 դրամ, երեխաների դեպքում ատամի հեռացումը՝ 2000, մեծահասակներինը՝ 4000-5000 դրամ, ատամի արմատի բուժումն արժե 5000-9000 դրամ, պերեոդոնտիտի՝ շուրջատամնաբորբի բուժումը՝ 7000-9000 դրամ:
Գյումրու թիվ 2-րդ ստոմատոլոգիայի բժիշկ Մարիամ Եղոյանի խոսքով՝ իրենց մոտ ատամնաբուժական ծառայությունների գներն ամենամատչելին են:
«Բացի Գյումրուց, Շիրակի մարզի այլ շրջաններից և Լոռու մարզից ևս գալիս են մեր կլինիկա: Հիվանդների կեսը հեշտությամբ չի կարողանում վճարել մատուցվող ծառայությունների դիմաց: Քաղաքում աշխատանք չկա, արտագնա աշխատողներն էլ բողոքում են գումարներն ուշ տալուց, թոշակներն էլ շատ քիչ են: Երբեմն լինում են դեպքեր, երբ անձն ընդգրկված չլինելով պետպատվերի բուժման շրջանակում՝ փող չի ունենում, այդ դեպքում անվճար ենք բուժում»,- մեզ հետ զրույցում նշեց Մ.Եղոյանը:
Վերջինիս խոսքով՝ Շիրակի մարզում պետպատվերից օգտվողները շատ-շատ են: Ամսվա կտրվածքով պետությունն իրենց գումար է հատկացնում, որի շրջանակներում իրենք սպասարկում են անվճար բուժվողներին:
«Տվյալ ամսվա գումարը սպառվելու դեպքում հիվանդը կլինիկա պետք է գա հաջորդ ամիս: Մասնավոր կլինիկայում 13 բժիշկ է աշխատում: Ունենք թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքներ, նաև ռենտգենի բաժանմունք: Մեր մոտ ամսական 100-ից ավելի հիվանդ է սպասարկվում»,- ասաց բժշկուհին:
Ինչ վերաբերում է պետպատվերին, ապա այս կլինիկայում 18-20 կետից բաղկացած ցուցակ կա, որի համաձայն՝ 65 և բարձր տարիքի թոշակառուներն անվճար են սպասարկվում: Պետպատվերով սպասարկվում են նաև հղի կանայք, զինակոչային տարիքի երեխաները, հաշմանդամները, պատերազմի վետերանները և այլք: Իսկ ծանր հիվանդները, ովքեր արտահերթ բուժվելու ցուցում ունեն, առանց հերթի են բուժում ստանում:
Գյումրու թիվ 2-րդ ստոմատոլոգիայում վճարովի բուժօգնություն ստացողների համար ատամի լուսային պլոմբի (կամ ատամնալիցք) տեղադրում կարող է իրականացվել 7000 դրամով, պարադոնտիտի բուժումը՝ 15000 դրամով, գինգիվիտինը՝ 10000, ատամնաքարերի հեռացումն արժե 8000 դրամ, ատամի հեռացումը՝ 2000 դրամ, և այլն:
Մեր տեղեկությունների համաձայն, ատամնաբուժարանները պետությունից տարեկան 18-20 մլն դրամ են ստանում՝ պետպատվերի շրջանակում բուժում իրականացնելու համար:
Գյումրու «Ստոմադենտ» ատամնաբուժարանում ատամների թերապևտիկ ծառայությունների մատուցումը սկսվում է 11000 դրամից, կակղանաբորբի (պուլպիտ) բուժումը՝ 14000 դրամից, պերեոդոնտիտի բուժումը՝ 5000 դրամից, ատամնաքարերի հեռացումը՝ 9000 դրամից, ատամի հեռացումն անզգայացումով արժե 3000 դրամ, մետաղակերամիկական շապիկի տեղադրումը՝ 30000, 3d կերամիկական շապիկի տեղադրումն արժե 95000 դրամ, շարժական պրոթեզի տեղադրումը՝ 60000, և այլն:
Ատամների իմպլանտացիա Գյումրիում ոչ բոլոր ատամնաբուժարաններում է արվում: Գյումրու «ՍՈԼԻԴ ԴԵՆՏ» ատամնաբուժարանում ատամների իմպլանտացիան արժե 200.000-385.000 ՀՀ դրամ (մեկ ատամի իմպլանտացիայի արժեքն է):
Գյումրու Մխիթարյանի անվան ատամնաբուժական կլինիկայում մեկ ատամի իմպլանտացիայի արժեքը կազմում է 350 դոլար, գումարած՝ 1 ատամի օրթոպեդիան՝ 150 դոլար: Ստացվում է՝ մեկ ատամի իմպլանտացիայի ընդհանուր աժեքը կազմում է 500 դոլար, իսկ բոլոր ատամների իմպլանտացիայի արժեքն ընդհանուր կազմում է 16000 դոլար կամ 13620 եվրո կամ 7.657.120 ՀՀ դրամ, որը բավական մեծ թիվ է կազմում:
Երևանում ևս ատամների իմպլանտացիան բավական բարձր գին ունի: Օրինակ, Երևանի «ՄԱՅ ՍԻԹԻ ԴԵՆԹԻՍՏ» ատամնաբուժարանում ատամների իմպլանտացիան արժե 140.000-380.000 ՀՀ դրամ (դարձյալ մեկ ատամի իմպլանտացիայի գինն է) կամ մոտ 794 դոլար: Երևանի «ԷՐՈԴԵՆՏ» ատամնաբուժարանում ատամների իմպլանտացիան արժե 85000-150.000, «ԴԵՆՏԵՔՍ ԴԵՆՏԱԼ ԳՐՈՒՊ» ատամնաբուժարանում՝ 150.000-350.000. «ՈՒԼՏՐԱ-ԴԵՆՏ» ատամնաբուժարանում՝ 160.000-520.000 ՀՀ դրամ:
Եթե համեմատենք «ԷՐՈԴԵՆՏ» ատամնաբուժարանում ատամների իմպլանտացիայի առավելագույն գինը՝ 150.000-ը, Գյումրու «ՍՈԼԻԴ ԴԵՆՏ» ատամնաբուժարանում մեկ ատամի իմպլանտացիայի առավելագույն արժեքի հետ, որը կազմում է 385.000 ՀՀ դրամ, կստացվի, որ «ԷՐՈԴԵՆՏ» ատամնաբուժարանում մեկ ատամի իմպլանտացիայի արժեքը կկազմի 312.66 դոլար, իսկ «ՍՈԼԻԴ ԴԵՆՏ»-ում 802.50 դոլար՝ 2.5 անգամ կամ մոտ 38.96 տոկոսով թանկ, քան «ԷՐՈԴԵՆՏ»-ում: «ԷՐՈԴԵՆՏ» ատամնաբուժարանում 32 ատամի իմպլանտացիան կարժենա 4.800.000 դրամ կամ 10029 դոլար, իսկ «ՍՈԼԻԴ ԴԵՆՏ»-ում այդ թիվը կկազմի 12.320.000 դրամ կամ 25743 դոլար:
Քանի որ Երևանում ատամնաբուժարանները շատ են, և դրանց միջև առկա է մրցակցություն, որոշ դեպքերում դա նպաստում է ատամնաբուժական ծառայությունների գների իջեցմանը, ինչն հնարավորություն է ընձեռում Գյումրու բնակչությանը որոշ ատամնաբուժական ծառայություններից օգտվելու համար այցելել Երևանի ատամնաբուժական կլինիկաներ:
Նշենք, որ Երևանում գործող ատամնաբուժարաններում ատամների իմպլանտացիայի գները վերցված են zub.am կայքից, որտեղ Գյումրիում գործող շատ ատամնաբուժարանների տվյալներ բացակայում են: Այս կայքում Գյումրու թիվ 2-րդ ու «ԴԵՆՏԱԼՅՈՒՔՍ» ատամնաբուժարանի տվյալներն առկա են, իսկ գնացուցակները բացակայում են:
Անահիտ Սիմոնյան