«Բաքուն օգտագործեց Հոգլանդի հայտարարությունը, որպեսզի ճնշումների սլաքն ուղղվի Հայաստանի կողմը». Կայծ Մինասյան

168.am-ի հարցազրույցը Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանի հետ

– Պարոն Մինասյան, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե, եթե Հայաստանը համաձայն է, իրենք պատրաստ են առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Հոգլանդի առաջարկների հիման վրա: Ձեր կարծիքով՝ ի՞նչը դրդեց Մամեդյարովին խոսել բովանդակային բանակցությունների մասին, և ի՞նչ բանակցություններ են հնարավոր, երբ մինչ օրս չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

– Մինչև Հոգլանդի հայտարարությունն Ադրբեջանը փակուղու մեջ էր հայտնվել և փորձում էր դրանից դուրս գալու ուղիներ փնտրել։ Հոգլանդի հայտարարությունը Բաքուն օգտագործեց ճնշումներից ազատվելու համար։ Կարծում եմ՝ սա էր Մամեդյարովի հայտարարության իմաստը։ Այսինքն՝ որպեսզի ճնշումները գործադրվեն ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի վրա։ Բայց եթե ուշադիր ուսումնասիրենք Հոգլանդի հայտարարությունը, դրանում նոր բան չկա, ավելին՝ առաջին կետով ասում է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։

Բայց Ադրբեջանը դրանց կարևորություն չտվեց, այլ կարևորություն տվեց Մադրիդյան սկզբունքներին։ Հոգլանդն ասել է, որ Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ օրակարգում։ Նա այդպես ասաց, որ իր հեռանալուց հետո Մադրիդյան սկզբունքները չմոռանանք, նաև չմոռանանք, որ բանակցություններում ներգրավված է ոչ միայն Ռուսաստանը, կան նաև Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Բայց այդ հայտարարությունն այնքան էլ կարևոր չէ հիմա, և ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանն այդքան կարևորեցին այն, որովհետև դա ընդունված պրակտիկա է, այդպիսի հայտարարություններ արել են թե՛ Մեթյու Բրայզան, թե՛ Ուորլիքը, թե՛ ամերիկյան մյուս համանախագահները՝ իբրև կտակային խոսքեր։ Բայց Բաքուն օգտագործեց Հոգլանդի հայտարարությունը, որպեսզի ճնշումների սլաքն ուղղվի Հայաստանի կողմը։

Կարդացեք նաև

Բայց դա իմաստ չունի, քանի որ ազերիներն ասում են, որ նախ՝ առաջին քայլը պետք է Հայաստանն անի՝ դուրս բերելով հայկական ուժերը տարածքներից։ Իսկ Հայաստանը դեմ է դրան, հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ նախ պետք է վստահության միջոցներ ներդնել, հետո տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Ադրբեջանն էլ դրան է դեմ, և Բաքուն օգտագործեց Հոգլանդի հայտարարությունը, թեև դրանում հատուկ ոչինչ չկա։

– Բայց Հոգլանդը չպե՞տք է ՄԽ մյուս համանախագահների հետ համաձայնեցներ՝ նախքան նման հայտարարություն անելը, ինչո՞ւ շրջանցեց գործընկերներին։

– Քանի որ նա լքում էր համանախագահի պաշտոնը, իրեն ավելի ազատ էր զգում։ Եվ այդ պատճառով նա ներկայացրեց ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը։ Բայց դա պետք չէ այդքան կարևորել, քանի որ նա հեռանում էր: Կրկնում եմ՝ Հոգլանդի հայտարարությունները կտակային խոսքեր են։ Ավելի կարևոր է լսել ամերիկյան նոր համանախագահին՝ Էնդրյու Շեֆերին։

Հիշեցնեմ, որ, երբ Ուորլիքը և Բրայզան հեռանում էին իրենց պաշտոնից, նույն կերպ հայտարարություններ արեցին՝ անգամ ավելի հեռուն գնալով։ Բայց արդյոք որևէ բան փոխվե՞ց ԼՂ կարգավիճակում կամ բանակցություններում։ Ոչ, ոչ մի բան չփոխվեց։ Ամերիկյան համանախագահների միջև տարբերություններ կան, օրինակ՝ Բրայզան շատախոս էր, Ուորլիքը գործադրում էր թուրքերի գործոնը, Բրադկեն միշտ լռում էր, Հոգլանդն ավելի ճարպիկ էր։ Մի քիչ սպասենք, տեսնենք՝ նոր համանախագահ Շեֆերն ինչպիսին կլինի։ Նույնը կարելի է ասել ֆրանսիացի համանախագահների համար, օրինակ՝ Ֆասիեն շատախոս էր, Անդրիոն մեկ անգամ խոսեց, Վիսկոնտին մինչ օրս նույնպես մեկ անգամ է խոսել։

Ամեն դեպքում՝ սպասենք սեպտեմբերին Մամեդյարով-Նալբանդյան հանդիպմանը, և արդյոք կկազմակերպվի՞ նախագահների հանդիպումը, որ շատ կարևոր է։

– Հոգլանդի հայտարարությունը կապո՞ւմ եք նույն օրը Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման հետ։ Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Հոգլանդն այդպիսով փորձեց կանխել ռուսական կողմի հնարավոր վատ առաջարկները և աջակցեց Սարգսյանին։

– Եթե Հոգլանդը փորձեց տապալել Սոչիի հանդիպումը, դրանում ես մեկ իմաստ եմ տեսնում՝ ցույց տալ, որ Ղարաբաղյան խնդիրը կարևոր է ԱՄՆ-ի համար։ Կարծում եմ՝ Հոգլանդը դրանով ուզում էր ասել, որ Ղարաբաղի հարցը չի կարող միայն Ռուսաստանը լուծել։ Կարևոր է, որ մյուս համանախագահները հայտարարություններ, նախաձեռնություններ անեն, հանդիպումներ կազմակերպեն, որպեսզի ցույց տան, որ Ղարաբաղի հարցը միայն ռուս-հայկական-ադրբեջանական հարց չէ, միջազգային հարց է։ Եվ սա է իրողությունը։

– Այսինքն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, նույնպե՞ս ուղղված է դրան, որպեսզի Հայաստանն ավելի անկախ լինի Ռուսաստանից։

– Միացյալ Նահանգները միշտ ուզում են դա, անկախությունից ի վեր միշտ են ուզում, որ Հարավային Կովկասի 3 պետություններն ավելի ինքնիշխան լինեն՝ քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական և մյուս բոլոր առումներով։ Եվ մարտահրավեր են ուղարկում Հայաստանին՝ ասելով, թե՝ մենք 8 մլրդ դոլար ներդրումներ ենք անում Հայաստանի տնտեսության մեջ, դուք պատրա՞ստ եք պատասխան քայլերի, թե՞ ոչ։ Այսինքն՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են, թե՞ ոչ՝ ավելի ինքնիշխան լինել։

Ես չեմ ասում՝ 100% ինքնիշխան լինել, դա անհնարին է, անգամ ԱՄՆ-ը և Ֆրանսիան 100% ինքնիշխան չեն, ստիպված են հաշվի նստել իրենց հարևանների և գործընկերների հետ։ Սա է իրականությունը, մենք շաղկապված աշխարհի մեջ ենք, բայց խնդիրն այն է, որ որոշումներ ընդունելու հարցում պետք է ինքնիշխան լինել, այսինքն՝ շաղկապված աշխարհում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Սրա համար պետք է Հայաստանի իշխանությունները զարգանան՝ գալով ինքնավար որոշումների պրոցեսի։ Մինչև ՀՀ իշխանությունները չզարգանան, որ ինքնավար որոշումներ կայացնեն, ինքնաբերաբար պետք է կասկածենք Հայաստանի ինքնիշխանության վրա։

– Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլ պետք է անեն, ինչպե՞ս պետք է պատասխանեն ԱՄՆ-ի առաջարկներին։

– Հայերի համար վտանգը որտեղի՞ց է գալիս։ Վրաստանի՞ց՝ ոչ։ Իրանի՞ց՝ ոչ։ Թուրքիայի՞ց՝ չեմ կարծում։ Նայեք Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի և Իրաքի հարցերում, որ չեն կարողանում իրենց ուզածն անել։ Ուրեմն վտանգը չի կարող գալ Թուրքիայից։ Պետք է զգույշ լինել, անշուշտ, բայց Թուրքիայից հարձակում չի կարող լինել 2 հիմնական պատճառով՝ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, հաշվետու է թե՛ Բրյուսելին, թե՛ Վաշինգտոնին, Անկարան չի կարող իր ուզածն անել, և Ռուսաստանն անմիջապես կմիջամտի, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Մնում է Ադրբեջանի հետ սահմանը։

Եվ ՀՀ իշխանություններն ԱՄՆ-ին պետք է ասեն՝ ցույց տվեք ոչ միայն՝ խոսքով, այլև՝ գործով, որ, եթե ռազմավարական դաշինքի լեզվով խոսենք, պատրաստ եք մեր ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու՝ Ադրբեջանին ասելով, որ, եթե դուք հարձակվեք ԼՂ-ի և Հայաստանի վրա, կամ հայ ժողովրդի վրա, մեր կողմից շատ զորավոր պատասխան կստանաք։ Եթե սա է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, դրանից հետո կսկսենք մտածել, թե ինչպես կարելի է դուրս գալ Ռուսաստանի ճնշումներից։ Բայց իրականում մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեր կարողությունների վրա, ինչպես որ մեր սխալները պետք է դնել առաջին հերթին՝ մեր պատասխանատուների վրա։

Պատմությունը ցույց է տվել, որ, երբ Հայաստանը վտանգի մեջ է եղել, ոչ մի պետություն չի եկել օգնելու։ Ճիշտ չէ նաև ասել, որ ռուսները փրկեցին մեզ։ Նրանք խեղդեցին մեզ, ոչ թե փրկեցին։ Բայց լավ չէ, որ միայն ռուսները միջնորդեն Ղարաբաղյան հարցում, պետք է նաև ֆրանսիացիներն ու ամերիկացիները միջամտեն։ Որքան Ղարաբաղի հարցը միջազգայնանա, այնքան լավ է Հայաստանի համար։ Բոլոր հայերը պետք է ընդունեն այդ սկզբունքը։

Երկրորդ՝ ՀՀ իշխանությունները պետք է ասեն, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները միայն Հայաստանինը չեն, այլ Մինսկի խմբի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածություններն են։ Այսինքն՝ Հայաստանը կողմ է դրան, բայց դա Հայաստանի դիրքորոշումը չէ։

– Ի՞նչ սպասել արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումից։

– Կարևոր է, թե ինչ տեղի կունենա հանդիպումից առաջ, արդյոք նոր սադրանքներ կլինե՞ն Ադրբեջանի կողմից։ Երկրորդ՝ եթե պայմանավորեն, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին Սարգսյան-Ալիև հանդիպում լինի, լավ կլինի։ Բայց կրկնեմ՝ անհրաժեշտ է, որ վստահության մեխանիզմները ներդրվեն, որովհետև դա Հայաստանի դիրքորոշումը չէ, դա ՄԽ արժանապատվության հարց է։ Այսինքն՝ հայերը հանգիստ կարող են սպասել, մինչև ՄԽ-ն իր ջանքերով ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դարձնի։

Կարծում եմ՝ Նալբանդյանի սխալն այն էր, որ Հոգլանդի խոսքից հետո անմիջապես արձագանքեց՝ ասելով, թե դրանում նոր բան չկա։ Նա պետք է լռեր, միայն ասեր, որ Հոգլանդը խոսեց՝ որպես ամերիկյան համանախագահ, որ լքում է իր պաշտոնը, բայց կարևոր է, որ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններն իրականացվեն, և դա ոչ թե Հայաստանի դիրքորոշումն է, այլ ՄԽ-ի դիրքորոշումն է։ Գիտենք, որ Ադրբեջանը խնդիր ուներ ՄԽ-ի հետ։ Իսկ Նալբանդյանի հայտարարությանն արձագանքեց Մամեդյարովը՝ ասելով, թե Ադրբեջանը խնդիր ունի Հայաստանի, և ոչ թե՝ Մինսկի խմբի հետ։ Անշուշտ, Ադրբեջանը խնդիր ունի Հայաստանի հետ, սակայն այդ առումով ուղղակի ՄԽ-ի հետ խնդիր ունի։

Տեսանյութեր

Լրահոս