«Ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը երբեք չեն աջակցի Ադրբեջանին: Իսկ դեմ առ դեմ պատերազմի դեպքում ավելի շուտ այնտեղ ամեն ինչ կավարտվի հեղաշրջմամբ». Ստանիսլավ Տարասով

168.am-ի զրուցակիցը «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն է

– Պարոն Տարասով, Միացյալ Նահանգները Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել Էնդրյու Շեֆերին: Ձեր կարծիքով` այժմ ի՞նչ զարգացումներ կլինեն, գործընթացները կակտիվանա՞ն:

– Այստեղ հետաքրքիր մի պահ կա` Թրամփի վարչակազմը դադար չտվեց, Հոգլանդի հեռացումից հետո անմիջապես նշանակեց Շեֆերին: Երկրորդ` իր հեռանալու նախօրյակին Հոգլանդը հրաժեշտի հարցազրույց տվեց և հրապարակեց, ըստ էության, նորացված Մադրիդյան սկզբունքները, մասնավորապես` ոչ թե բուն Ղարաբաղի հողերի, այլ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների հետ կապված: Նրա առաջին դիտարկումն այն է, որ առաջին հերթին՝ պետք է կողմնորոշվել բուն տարածաշրջանի կարգավիճակի հարցում: Երրորդ` Հոգլանդի ելույթին շատ արագ արձագանքեցին ադրբեջանցիները, և արտգործնախարար Մամեդյարովը կոչ արեց Հայաստանին՝ վերսկսել բովանդակային բանակցությունները Հոգլանդի առաջարկների հիման վրա:

Այստեղ ինտրիգ կա, նախ` Հոգլանդը չի նշել, թե արդյոք իր հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, երկրորդ` նա իր հայտարարությունն արեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպում էր ՌԴ նախագահի հետ: Ըստ երևույթին` ԱՄՆ-ը ենթադրում էր, որ Ռուսաստանը կամ Հայաստանը կարող են բարձրաձայնել Ղարաբաղի վերաբերյալ իրենց ինչ-որ նոր նախագծի մասին: Բայց հասկանալի էր, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը տեղի չունեցավ: Երրորդ պահը` նա այդ հայտարարությունն անելով՝ գուցե խոչընդոտեց Շեֆերին բարձրաձայնել իր նոր նախագծի մասին` հաստատելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է նույնը և չի փոխվում: Դրանից հետո, որպեսզի Շեֆերը կարողանա հետքայլ անել և ՄԽ-ի սցենարից շեղվել, հարկավոր է, որ տեղի ունենան որոշակի իրադարձություններ:

Սա շատ նուրբ, հետաքրքիր քայլ էր, որ իրականացրեց ամերիկյան վարչակազմը: ՄԽ շրջանակում գոյություն ունի լուռ պայմանավորվածություն, որ համանախագահները չեն անում սեպարատ հայտարարություններ, միշտ ընդգծում են մյուսների համերաշխությունն իրենց արտահայտած դիրքորոշումներին, և եթե ինչ-որ մեկն անում է որևէ հայտարարություն, ապա այն համաձայնեցված է լինում մյուսների հետ: Տվյալ դեպքում Հոգլանդի հայտարարությունը պաշտոնապես ո՛չ հերքվել, ո՛չ էլ հաստատվել է Մինսկի խմբի (ՄԽ) կողմից: Դա այդպիսի միջանկյալ քայլ էր: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն:

Շատ դժվար է կանխատեսել, դեռևս չկան դիրքորոշումների փոփոխության որևէ միտումներ, ՄԽ-ն շարունակում է գործել նույն տանդեմում` եռյակով: Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ֆորմատում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Գուցե ձեռք բերվի որոշակի պայմանավորվածություն երկու երկրների նախագահների հանդիպման վերաբերյալ, բայց այդ գործընթացի փաստացի հիմքը դեռևս թույլ չի տալիս եզրակացություններ անել, որ Ղարաբաղյան հարցում որևէ լուրջ ճեղքում կարող է լինել: Միաժամանակ նշեմ, որ փորձագետները կարծում են, որ ՄԽ ներկայիս ձևաչափի ռեսուրսը` Երևան-Բաքու կողմերի մասնակցությամբ, իրեն սպառել է, որ որևէ առաջընթաց չի կարելի ակնկալել, և պետք է փոխել ձևաչափը, վերադառնալ նախկին ձևաչափին, որի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել 1994-ին: Հայտնի է, որ այն ժամանակ հրադադարի պայմանագիրը ստորագրել են Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն: Ցանկացած տարբերակում` Մադրիդյան նորացված կամ ոչ նորացված սկզբունքների դեպքում, որոշակի փուլում անհրաժեշտ է հասկանալ Ղարաբաղի կարգավիճակը:

Հոգլանդը հայտարարում է, որ որոշակի շրջաններ պետք է հանձնել միջազգային իրավասության ներքո, այսպես ասած` դրանց տալ միջանկյալ կարգավիճակ: Ինչո՞ւ է նա դա ասում: Որովհետև նախկինում պայմաններ կային, ասվում էր, որ Բաքուն ճանաչում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, և միաժամանակ՝ որոշ շրջաններ վերադարձվում են Ադրբեջանին: Բայց այդ բոլորը մանրամասներ են, լուրեր, վարկածներ, ոչ մի հստակություն, պաշտոնական հյատարարություն չկա: Գործընթացը շարունակվում է: Կարծում եմ, որ Ղարաբաղյան հարցում ավելի լուրջ որոշման համար տարածաշրջանում չկան ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ քաղաքական պայմաններ:

Մի հետաքրքիր պահ էլ կա. 2018 թվականին ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, պետք է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագա քաղաքական ճարտարապետությունը: Թեև հասկանալի է, որ լինելու է կառավարող կուսակցություն, վարչապետ, և այլն, բայց դա պետք է գործնականում տեսնել: Իսկ Բաքվում նախկին նախագահը հայտարարել է, որ աջակցում է Մեհրիբան Ալիևայի` Ադրբեջանի ներկայիս նախագահի տիկնոջ թեկնածությունը՝ որպես հաջորդ նախագահ: Սա նշանակում է, որ Ադրբեջանում սկսվում է իշխանության վերակազմավորումը: Քանի դեռ Երևանում և Բաքվում տեղի են ունենում այս բարդ գործընթացները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները կրելու են շատ մշուշոտ, անորոշ բնույթ:

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ Հոգլանդն իր հայտարարությունն արեց Պուտին-Սարգսյան հանդիպման նույն օրը:

– Այստեղ 2 տարբերակ կա. շատ հնարավոր է՝ պատահական համընկնում է, բայց հնարավոր է՝ դա նաև կանխարգելող նպատակ ուներ, քանի որ ԱՄՆ-ը ենթադրում էր, թե Ռուսաստանն ինչ-որ նոր նախաձեռնությամբ է հանդես գալու: Ըստ էության, տարբեր փորձագետներ և ես կարծում ենք, որ Մոսկվան վաղուց պետք է ուղիղ կապ հաստատի Ստեփանակերտի հետ և Մոսկվա-Ստեփանակերտ-Բաքու եռյակում որոշի Ղարաբաղի կարգավիճակը: Փորձագիտական հանրությունը գտնում է, որ այդ ձևաչափով Ղարաբաղը ժամանակավորապես ստանում է հատուկ գոտու կարգավիճակ, և դա սահմանվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից: Դա ենթադրում է, որ Ղարաբաղը չի մտնում Ադրբեջանի կազմում, նաև չի մտնում Հայաստանի կազմում: Ղարաբաղի և Հայաստանի միջև սահմանը մնում է նախկին ձևով, բայց ԼՂ հատուկ կարգավիճակը, հնարավոր է՝ ապասառեցնի որոշ տնտեսական նախագծեր, որոնք կարող են իրականացվել Ադրբեջանի, Ստեփանակերտի հետ, նաև՝ անգամ ներառելով Հայաստանը:

Բայց ընդգծեմ, որ այդ եզրահանգումները երբեք չեն հնչել պաշտոնական մակարդակով, դա վերլուծաբանների կարծիքն է, որ փորձում են այլընտրանքային լուծումներ գտնել: Ղարաբաղյան հակամարտության գոյության ընթացքում այդպիսի առաջարկներ բազմիցս եղել են: Հիշեք` ամերիկացիներն առաջարկում էին տարածքների փոխանակում, կար Մեթյու Բրայզայի ծրագիրը, այժմ առաջարկվում է փոխել ձևաչափը: Ինչո՞ւ է դա արվում: Որովհետև, եթե շարժվենք ադրբեջանական սցենարով, այն ուզում է բարձրացնել Թուրքիայի կարգավիճակը և նրան դարձնել ՄԽ համանախագահ, բայց Թուրքիան շահագրգիռ կողմ է և աջակցելու է Ադրբեջանին: Ուզում են բանակցություններում ներգրավել Իրանին, որը պատմականորեն մոտ տարածք է: Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինչքան շատ միջազգային խաղացողներ լինեն միջնորդական խմբում, այնքան քիչ հնարավորություն կլինի խնդիրը լուծելու:

Եվս մի դիտարկում. հետխորհրդային տարածքում ոչ մի հակամարտություն, ըստ էության, լուծված չէ, եթե միայն փակագծերում նշենք 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտությունը, որի արդյունքում՝ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակը: Այդ սպառնալիքը կախված է նաև Ադրբեջանի վրա, քանի որ, եթե Ադրբեջանը Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ սկսի, Ռուսաստանը կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Դա բաց ազդակ է Ադրբեջանին, որը նրան զսպում է որոշակի պահերի: Նաև պետք է հասկանալ, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, բոլոր առումներով Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ, թեև նորմալ հարաբերություններ են, անգամ զենք ենք վաճառում, բայց ամեն դեպքում դրանք երկկողմ հարաբերություններ են, որ կարելի է ցանկացած դրական ձևով որակել, բայց ոչ երբեք՝ որպես ռազմավարական: Դրա պատճառով Ադրբեջանը խանդում է Երևանին Մոսկվայի հանդեպ:

Պետք է նշեմ, որ բուն Ղարաբաղյան խնդիրը ծագել է աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով, երբ բոլշևիկները պայմանավորվածության մեջ մտան Աթաթյուրքի հետ, ստեղծվեց ալյանս Մոսկվայի, Բաքվի և Անկարայի միջև: Այժմ ԼՂ կարգավիճակի փոփոխությունը նույնպես կախված է լինելու աշխարհաքաղաքական փոփոխություններից: Դրանք արդեն տեղի են ունենում, Մերձավոր Արևելքում փոխվում են դեկորացիաները, փոխվում է լանդշաֆտը, և մինչև այդ գործընթացները չավարտվեն, լուրջ մոտեցումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր չեն այն պատճառներով, որ այսօր Ադրբեջանն է առաջ քաշում:

Մեկ այլ դրական, պայծառ, պատմական պահ կարող է լինել, որ Ադրբեջանը հասկանում է, որ կորցրել է Ղարաբաղը, բայց դրա ճանաչմանը գնում է՝ որոշակի պայմաններ առաջադրելով: Դա տեսականորեն չի կարելի բացառել, բայց գործնականում Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը նման քայլերի ընդունակ չէ:

– Դուք խոսեցիք Մամեդյարովի կոչի մասին, բայց Ադրբեջանն ինքը պատրա՞ստ է բովանդակային բանակցությունների:

– Ո՛չ իհարկե: Մենք այստեղ Մոսկվայում զարմանում ենք, երբ կարդում ենք նրանց հայտարարությունները: Դրանք հաշվարկված են դիլետանտների, ներքին օգտագործման համար: Մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ զբաղվում են Ղարաբաղյան հակամարտության խնդրով, գիտեն, որ ապրիլյան պատերազմից հետո օրակարգում առաջին հերթին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են` միջազգային դիտորդների և հրադադարի խախտման մեխանիզմների մասին: Դրանց իրագործումից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների մանրամասներին` ի՞նչ շրջաններ տալ, ե՞րբ տալ, պե՞տք է արդյոք տալ, որոշակիացնել Ղարաբաղի կարգավիճակը, և այլն:

Իսկ նրանք ամեն ինչ գլխի վրա են շրջում և հանրությանը ներկայացնում են, իբր ԵԱՀԿ ՄԽ-ի գլխավոր խնդիրը ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի կատարումն է, որոնք ընդունվել են 90-ականներին, և որոնցից Անվտանգության խորհուրդը հրաժարվել է, որովհետև դրանք խախտել է հենց ինքը՝ Ադրբեջանը: Այսինքն` ամեն ինչ խառնում են: Երկրորդ` Ադրբեջանը երբեմն հայտարարում է, թե պետք է հավատարիմ մնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, բայց, կներեք, Ադրբեջանն ինքն այդ փաստաթղթերը չի ստորագրել, և իրավաբանորեն նրանց մեղադրելու, թե չի կատարում պայմանավորվածությունները, հիմք չկա: Իսկ Հայաստանը ստորագրել է: Այսինքն` Բաքուն զրոյացրել է գործընթացը, լիակատար դեմագոգիա է, հնչում է հռետորաբանություն, որ հասկանալի չէ, թե ում է ուղղված: Բայց եթե չոր փաստերին նայենք, ապա Ադրբեջանը հասկանում է, որ բոլոր ասպարեզներում գործընթացը տանուլ է տվել:

Դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանը պարտվել է, Եվրոպան, Ամերիկան չեն աջակցում, ռազմական սցենարը նրանց համար հնարավոր չէ, քանի որ, եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը կարող է կորցնել իր պետականությունը: Նույն կերպ Թուրքիան, որ աջակցում է Ադրբեջանին, գտնվում է շատ ծանր դրության մեջ: Եվ ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը երբեք չեն աջակցի Ադրբեջանին: Իսկ դեմ առ դեմ պատերազմի դեպքում ավելի շուտ այնտեղ ամեն ինչ կավարտվի հեղաշրջմամբ:

Տեսանյութեր

Լրահոս