Պուտինը դռների մոտ դիմավորեց Սերժ Սարգսյանին, բայց մեջքից հարվածեց՝ Հոգլանդի ձեռքով. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ՄՍոչիում Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի աշխատանքային հանդիպման օրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա հայտնեց, որ մշտական համանախագահն արդեն նշանակվել է, ինքը հեռանում է, և ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքային դրույթներ:
Դա մի կողմից նման էր հաշվետվության՝ Հոգլանդն ուզում էր ասել, որ ահա այս փաթեթով է ինքը համանախագահությունը հանձնում նորանշանակ Էնդրյու Շեֆերին: Մյուս կողմից, սակայն, Ռիչարդ Հոգլանդը նման բան անելու համար լուրջ հիմքեր չուներ, որովհետև ինքը ընդամենը ժամանակավոր համանախագահ էր և նույնիսկ մեկ տարի չմնաց այդ դերում: Հոգլանդը ստանձնեց ժամանակավոր համանախագահի պարտականությունները մի ժամանակահատվածում, երբ բանակցությունները սառեցված էին, և պարտականությունները հանձնում է Շեֆերին, երբ դրանք դեռեւս գտնվում են սառեցման փուլում:
Հոգլանդի հայտարարությունը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց. նրա նշած դրույթները հայկական ականջին հաճելի չէին: Քաղաքագետներն ու վերլուծաբաններն էլ փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու ԱՄՆ համանախագահը հեռանալուց առաջ նման բան արեց, ո՞րն էր դրա նպատակը և իմաստը:
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, ըստ էության, ներառում են դրույթներ, որ ցանկացած ժամանակ կարելի է այնպես ներկայացնել, որ տհաճ լինեն ադրբեջանական ականջին, և հակառակը: Ըստ անհրաժեշտության: Այս անգամ ամերիկացի համանախագահն ընտրել է հայկական կողմին անհաճո տեքստը: Հոգլանդի հայտարարությունը դատապարտեցին ԱՄՆ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ դրանք անճշտություններ են պարունակում եւ այլն: Բայց քանի որ, մեր խորին համոզմամբ, ներկայում էական չեն այդ դրույթները, կշրջանցենք դրանց բովանդակությունն ու անճշտությունները:
Ավելի կարևոր է, թե ինչու ԱՄՆ համանախագահը որոշեց նեղը գցել հայկական կողմին և ինչու դա համընկավ Սարգսյան-Պուտին հանդիպման հետ:
Կա երկու կարծիք. առաջին, որ համընկնումը զուտ պատահականություն էր, եւ երկրորդ՝ որ դա բոլորովին էլ պատահական չէր: Երկրորդ կարծիքն արտահայտող փորձագետների մեկնաբանմամբ՝ Սարգսյան-Պուտին հանդիպման օրը նման աղմկոտ հայտարարություն անելով, ԱՄՆ-ը կամ հիշեցնում էր իր մասին, կամ՝ փորձում կանխել ինչ-ինչ սեպարատ պայմանավորվածություններ ՀՀ և ՌԴ նախագահների միջև: Կարծում ենք, սակայն, որ այն, ինչ տեղի ունեցավ նախօրեին, ռուս-ամերիկյան եզակի համագործակցության օրինակ էր:
Ինչպես արդեն նշել ենք, Սոչիի հանդիպման ժամանակ պետք է պարզ դառնար՝ արդյո՞ք աշնանը ԼՂ հարցով նոր գագաթաժողով կհրավիրվի, թե՞ ոչ: Իսկ դա կախված է օրակարգից: Եթե Իլհամ Ալիևը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը համաձայնություն տված լիներ նոր հանդիպման ժամանակ քննարկել հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրման հարցը, ապա Վլադիմիր Պուտինը դա կփոխանցեր Սերժ Սարգսյանին, վերջինս կողջուներ, և հանդիպման ֆորմատն ու ժամկետները կճշտվեին:
Բայց քանի որ Ալիևն ակնհայտորեն հրաժարվել է այդ օրակարգից, դիվանագիտական բազմաքայլ կոմբինացիայի անհրաժեշտություն է առաջացել:
Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը ապրիլյան պատերազմում Ռուսաստանի ունեցած դերի պատճառով կորցրել է Սերժ Սարգսյանին այս հարցում որևէ բան ասելու, խնդրելու կամ պարտադրելու լեգիտիմությունը: Իսկ Ադրբեջանի նախագահի վրա ազդելու լծակներ չունի: Առավելագույնը հնարավոր է, որ Իլհամ Ալիևը համաձայնած լինի վստահության ամրապնդման օրակարգին՝ պայմանով, որ զուգահեռաբար կքննարկվեն նաև հակամարտության հիմնարար դրույթներից մի քանիսը, օրինակ՝ որոշ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կետը:
ՌԴ նախագահը, ըստ ամենայնի, խորամանկել է՝ Սերժ Սարգսյանին փոխանցելով միայն այն, որ Ալիեւը պատրաստ է խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Իսկ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսակցությունը խթանելու դերը վերապահվել է ՄԽ ամերիկյան թեւին:
Այս հնարքը բարդ իրավիճակի մեջ է դնում Սերժ Սարգսյանին: Եթե նա ՌԴ նախագահի փոխանցած ինֆորմացիայի հիմքով համաձայնել է աշնանային հանդիպմանը, ապա ՄԽ հեռացող համանախագահի հրապարակային հայտարարությանը հղում անելով հրաժարվելը անհեթեթ կնայվի:
Երեկ Մամեդյարովը, մեկնաբանելով Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը, ասել է, որ «եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, եւ ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»։
Հ.Գ. ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին Սոչիում ընդունեց միջազգային արարողակարգի բարձր նոտայով. դիմավորեց շքամուտքի մոտ, խոսեցին պատվիրակությունների ներկայությամբ: Ի տարբերություն Սարգսյանի, Ալիևին Պուտինը չի դիմավորել, նույնիսկ դրեսկոդը առանց փողկապների էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: