Սերժ Սարգսյանը չպետք է նվաստացուցիչ հետքայլ անի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին: Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ուղիղ մեկ ամիս առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ենթադրվում էր, որ պարիտետը պահելու համար այդ ֆորմատով հանդիպում կկայանա նաև Հայաստանի նախագահի հետ: Մոսկվան, փաստորեն այնքան լուրջ է վերաբերվում այդ հարցին, որ հանդիպման վայրն անգամ նույնն է մնացել: Դա, սակայն միակ ընդհանրությունն է այս երկու հանդիպումների միջև, եթե չհաշվենք, իհարկե, ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումը, որը, անկասկած, առաջնային է թե Ադրբեջան և թե Հայաստանի նախագահների հետ ՌԴ նախագահի զրույցներում:

Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար, քննարկելու շատ հարցեր ունեն: Բայց քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր մյուս երկու գործընկերների հետ միասին Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս հանել ճգնաժամից, ապա այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպումն է: Որպեսզի հանդիպումը կայանա, ադրբեջանական կողմը պետք է երաշխիքներ տա, որ ետ չի կանգնի հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմներն ուժեղացնելու պայմանավորվածություններից, եւ հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնությունները, կոնկրետ միջոցառումներ, ժամկետներ և այլ:

Նման երաշխիք կարող էր տալ Իլհամ Ալիևը Սոչիում Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Իհարկե, կարող էր նաև չտալ: Վաղը Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին, անպայման, կփոխանցի Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը:

Ըստ որոշ գնահատականների՝ Ալիևը որևէ պատճառ չունի Սերժ Սարգսյանի առաջ քաշած և ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը վայելող օրակարգին համաձայնելու համար, և դա առաջին հերթին ապացուցվում է նորանոր ու ավելի հզոր զինատեսակներ ձեռք բերելու նրա մղումով: Ինչպես կարող է Ալիևը համաձայնել խաղաղությունն ամրապնդող միջոցառումներին, եթե նպատակ ունի պատերազմելու: Մյուս կողմից՝ այս վիճակը երկար շարունակվել չի կարող, և որևէ լուծում, անպայման, պետք է գտնվի: Թերևս, հենց այդ լուծումը վաղը կփորձ գտնել Պուտինը Սերժ Սարգսյանի հետ միասին:

Եվ այստեղ շատ կարևոր է, թե որը կլինի Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Եթե նա համաձայնի Ալիևի հետ հանդիպել որևէ այլ օրակարգով, ապա Հայաստանը կհայտնվի նվաստացուցիչ իրավիճակում: Բանակցությունները մեկ տարի ընդհատելուց, և սեփական օրակարգն առաջ մղելուց հետո հետ քայլ անել դրանից, կնշանակվի երկարաժամկետ կտրվածքով կորցնել պրոցեսների վրա ազդելու թեկուզ չնչին հնարավորությունը:

Այսօր Սոչիում սպասվող հանդիպման ժամանակ, բնականաբար, առանցքային այլ հարցեր էլ կքննարկվեն. ԵԱՏՄ շրջանակներում նոր զարգացումները կապված Թուրքիայի նոր հայտի հետ, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վերջին սերնդի հարձակողական զենքեր վաճառելը, հայ վարորդներին ՌԴ-ում աշխատելու հնարավորությունից զրկելը, ԵԱՏՄ-ից դուրս գալու հայաստանյան քննարկումները, և մի շարք այլ խոցելի թեմաներ:

Եվ, այնուամենայնիվ, նշված հանդիպման ամենակարևոր արդյունքը կլինի ղարաբաղյան բանակցությունների ռեստարտը: Իսկ Հայաստանի և Արցախի համար կարևոր է, որ Սերժ Սարգսյանը այս հարցում հետքայլ չանի, և եթե իսկապես բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն ու միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս