
Սկսվում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացը

ՀՀ կառավարությունը սկսում է Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթացը։ Համապատասխան օրենսդրական նախագիծը վաղը կներկայացվի գործադիրի քննարկմանը։
Ըստ որոշման նախագծի՝ ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: Կայանը շահագործումից հանելու ռազմավարությունը հավանության էր արժանացել դեռևս 2007 թվականի նոյեմբերին։
Դրանով առաջարկվում է՝ որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ՝ ընտրել «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310.37 մլն ԱՄՆ դոլար, որն իրականացվելու է 3 փուլով.
առաջին փուլ՝ շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստում, տևողությունը 3 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն եվրո,
երկրորդ փուլ՝ հետշահագործման փուլի տևողությունը, ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 70 մլն եվրո:
Երրորդ և հաջորդ փուլերի իրականացումը նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն եվրո:
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, կառավարությունը 2012 թվականին ընդունել էր որոշում ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին: Այդ պատճառով նախատեսվում է լրամշակել ռազմավարությունը։