«Կարևոր է, երբ կինը հասկանում է, որ ծեծվելն ու խանդոտությունը սիրալիրության չափանիշեր չեն». հոգեբան

Հայաստանում ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում հոգեբանին, արդյո՞ք հոգեբանական ծառայություններից օգտվում են բռնության ենթարկվող ընտանիքների կանայք և երեխաները։ Այս հարցերի պատասխանները 168.am-ը փորձեց ստանալ «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանից։

«Ամենից շատ դիմում են ընտանեկան խնդիրների ժամանակ, որոնք շատ տարածված են։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում տարածված են նևրոզները և երեխաների հետ կապված տարատեսակ խնդիրները՝ վախեր, ագրեսիվություն, զարգացման խանգարումներ և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբանը։

Հոգեբանը նշեց, որ վերջերս շատ են դիմում նաև ընտանիքում բռնությունների ենթարկվող կանայք. «Դա շատ տարածված է, բայց ցավոք սրտի, բռնության ենթարկված շատ կանայք, որպես կանոն, հոգեբանական ծառայություններից դժվար են օգտվում, որովհետև իրենց մոտ արդեն ձևավորված է զոհի հոգեբանությունը։ Զոհի հոգեբանության կարևոր առանձնահատկությունն այն է, որ՝ ես չեմ կարող իմ կյանքում որևէ բան փոխել։ Բացի դրանից՝ զոհի հոգեբանության կարևոր տարրերից է նաև ինքնամեղադրանքը, մեղքի զգացումը. իրեն թվում է՝ ինքը մեղավոր է, որ իր կյանքում նման բան է տեղի ունենում։ Բայց հարազատների, մտերիմների աջակցության, հորդորների արդյունքում՝ իրենք արդեն գալիս են հոգեբանական խորհրդատվության»։

Լ. Խաչատրյանն ընդգծում է, որ, որպես կանոն, հոգեթերապիա անցնելուց հետո այդ կանաց ինքնագիտակցությունը վերելքային փոփոխության է հասնում և փորձում են իրենց հարաբերություններն այլ կերպ ձևավորել. «Ամուսնալուծությունների մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կինը կարողանում է հոգեբանական աջակցություն ստանալ, որից հետո հասկանում է, որ այդ ընտանիքն իրեն այլևս պետք չէ»։

Կարդացեք նաև

Բռնության ենթարկվող կանանց մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս անպայման դիմել հոգեբանի. «Զոհի հոգեբանության մեջ շատ ախտանշաններ կան, որոնք կինը շատ դժվար է կարողանում ճանաչել։ Կարևոր է, երբ կինը հասկանում է, որ այստեղ մեղքն իրենը չէ, և ծեծվելը սիրալիր հարաբերության չափանիշ չէ, խանդոտությունը սիրալիրության չափանիշ չէ։ Սկզբնական շրջանում կնոջը թվում է, թե ինքը կարևոր տեղ է զբաղեցնում՝ այս դրսևորումներին ենթարկվելով, բայց կամաց-կամաց նա պետք է հասկանա, որ սա միայն խաթարող է, և այդ հարաբերություններին արագ վերջ դնի»։

Հարցին՝ թե ի՞նչ աշխատանք է տարվում բռնության ենթարկվող կանանց հետ, հոգեբանը պատասխանեց. «Հիմնականում ինքնագիտակցության տարրերն են փոխվում. կինը կարողանում է ձերբազատվել այն ծանր զգացումներից, որ ինքը կրել է, կարողանում է դուրս գալ, գնահատել իր սեփական եսը, իր սեփական շրջապատը և հասկանալ, որ պատասխանատվությունն իրենն է, և ինքն իր կյանքը կարող է փոխել։ Երբ կինը հասնում է սրան, բնականաբար, նախաձեռնությունը վերցնում է, կարողանում է հարաբերությունները վարել այնպես, ինչպես իրեն է ցանկալի»։

Լիլիթ Խաչատրյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ բռնության ենթարկվող ընտանիքների երեխաների հետ էլ աշխատանք տարվի. «Եթե ծնողները երեխաներին չեն բերում հոգեբանի մոտ, ապա այդ ընտանիքում մեծացող երեխաները հասուն տարիքում պարտադիր ունենում են հոգեբանական շատ խնդիրներ. աղջիկներն ընտրում են այնպիսի ամուսիններ, որոնք շարունակում են բռնություն գործադրել իրենց նկատմամբ, տղաներն էլ ունենում են այլ խնդիրներ՝ իրենք են բռնանում կամ ընդհակառակը՝ դառնում են շատ ռեգրեսիվ անձինք, ավելի խեղճ, հասարակության կողմից ճնշված կերպարներ»։

Հետևաբար, ըստ հոգեբանի՝ շատ կարևոր է, որ հենց փոքր տարիքից նման ընտանիքների երեխաներին տանեն հոգեբանի մոտ. «Երբ մենք հասուն անձանց հետ ենք աշխատում, հոգեթերապիայի ընթացքում, որպես կանոն, անպայման անդրադարձ ենք անում մանկությանը։ Ամենաանտանելի ապրումն է երեխայի համար. մեծ տարիքում նա կարող է հիշել այդ ամենը։ Փոքր ժամանակ դա իր համար ընդամենն անզորության, անկարողության խորը զգացում է առաջացրել, բայց չի կարողացել մեկնաբանել այդ երևույթը, և, երբ մեծ տարիքում ևս մեկ անգամ անդրադարձ ենք կատարում, չեք պատկերացնի՝ ինչ էմոցիաներ են լինում. մարդը կարող է միայն մեկ դեպք հիշել և ժամերով լաց լինել։ Սա թերապևտիկ շատ հզոր նշանակություն ունի, եթե գոնե ինքնահետդարձով կարողանում է լացել, ևս մեկ անգամ ապրել և փոխել դրա նկատմամբ իր վերաբերմունքը։ Դա մարդու մոտ ապահովում է բուժման ընթացքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս