ՃՏՊ-ների անմխիթար վիճակագրությունն ԱՊՀ տարածքում

Այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված «ՃՏՊ-ների անմխիթար վիճակագրությունն ԱՊՀ-ում ու դրանց կանխարգելման միջոցները. ինչպե՞ս կանգնեցնել մահը ճանապարհներին» թեմայով Երևան-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Սուխում տեսակամուրջի ժամանակ Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության Պարեկային միլիցիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Սակրուլով Իմանալին ասաց, որ իրենց մոտ նախորդ տարիների համեմատ՝ ՃՏՊ-ների հետևանքով մահացություններն այս տարի նվազել են։ Ըստ նրա՝ պատահարների թիվը կնվազի, եթե այս տարի Ղրղըզստանում տեղադրվեն արագաչափեր և տեսանկարահանող սարքեր։

«Ձմռանը Ղրղըզստանում ՃՏՊ-ների քանակն ավելանում է, իսկ զոհերի թիվը՝ կրճատվում։ Ամռանն ուշադրության կենտրոնում ենք պահում հատկապես տուրիստական կենտրոնների ճանապարհները։ Ուսումնական տարվա մեկնարկը ևս համարվում է վտանգավոր շրջան և հսկողությունը ճանապարհներին ուժեղացվում է»,- ասաց Իմանալին։

Աստանայի տեղական ոստիկանության ծառայության ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Արման Այթիբեկովն իր խոսքն սկսեց հետևյալ դիտարկմամբ. «Նախկինում բոլորս նույն համազգեստն էինք կրում, իսկ հիմա բոլորինս տարբեր է»։ Ապա անդրադառնալով թեմային՝ նա նշեց, որ իրենց մոտ ՃՏՊ-ների հետևանքով մահացությունները մեծ թիվ են կազմում, և դրանց պատճառները տարբեր են. «ՃՏՊ-ներ հատկապես գրանցվում են առավոտյան ժամերին, երբ քաղաքացիները շտապում են աշխատանքի։ Հետիոտների վրաերթերի դեպքերը շատ են, և դրանց հիմնական պատճառներից է, օրինակ, այն, որ երիտասարդներն ականջակալներով են զբոսնում և անզգույշ են անցնում փողոցը»։

Տեսակամուրջի մյուս մասնակիցը՝ Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ՆԳԳՎ Քարոզչության բաժնի պետ Սերգեյ Զարանիկը նշեց, որ այս տարի իրենց մոտ ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 40 մարդ, ինչը, ըստ բանախոսի՝ ցածր ցուցանիշ է՝ նախորդ տարիների համեմատ։ Խոսելով ՃՏՊ-ների դեմ տարվող աշխատանքների մասին, նա ասաց, որ տարբեր միջոցառումների հետ մեկտեղ՝ իրենք աշխատում են նաև դպրոցներում, որպեսզի դպրոցական տարիներից երեխաները սովորեն երթևեկության և ճանապարհային անվտանգության բոլոր կանոնները։

ՀՀ ՃՈ Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն էլ ներկայացրեց Հայաստանում եղած իրավիճակը. «Սկսած 2011թ. Հայաստանում ՃՏՊ-ները զգալիորեն աճեցին։ Դա կապված էր ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ, որովհետև վարորդները փոխհատուցում էին ստանում։ 2016թ. ՃՏՊ-ների թիվը սկսեց նվազել, ինչը պայմանավորված էր նրանով, որ հանրապետությունում ներդրվեցին նկարահանող սարքեր և արագաչափեր։ Հանրապետության տարածքում տեղադրվել է 135 արագաչափ, որից 80-ը՝ մայրաքաղաք Երևանում։ Մայրաքաղաքի 135 խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր, և մինչև տարվա վերջ ևս 20 խաչմերուկում կտեղադրվեն տեսանկարահանող սարքեր։ Այդ տեխնիկական միջոցները դրական են ազդում ՃՏՊ-ների թվի նվազման վրա։ Դրանք տեղադրվում են այն հատվածներում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ ՃՏՊ-ներն են գրանցվել»։

Նա ընդգծեց, որ ՃՈ համակարգում արված բարեփոխումները ևս դրական են ազդել ՃՏՊ-ների թվի նվազման վրա։ Ըստ Դանիելյանի՝ Հայաստանում հիմնականում ամռանն են գրանցվում պատահարներ, ինչը, նրա խոսքով՝ պայմանավորված է զբոսաշրջային սեզոնով. «Ձմռանը ևս շատ են պատահարները։ Ուսումնական տարվա մեկնարկի հետ բոլոր դպրոցների մոտակայքում ուժեղացված հսկողություն է իրականացվում, իսկ մեքենաների արագությունը դպրոցների մոտակայքում սահմանվում է 40 կմԺ»։

Տեսանյութեր

Լրահոս