Թրամփի խորհրդականը հայտարարել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև ընթացող տնտեսական պատերազմի մասին
ԱՄՆ-ի նախագահի գլխավոր ռազմավարական խորհրդական Սթիվեն Բենոնն օգոստոսի 16-ին հայտաարարել է որ իր երկիրը տնտեսական պատերազմ է մղում Չինաստանի դեմ: «Մենք գտնվում ենք Չինաստանի դեմ տնտեսական պատերազմի վիճակում: Նրանք չեն վարանում ասելու, թե ինչ են անում: Մեզնից մեկը հեգեմոն կդառնա առաջիկա 25-30 տարում: Եվ եթե մենք կանգնած մնանք ճանապարհին, ապա դա կլինեն նրանք»,- ասել է Բենոնը American Prospect-ում հրապարակված հարցազրույցում։
«Եթե մենք շարունակենք տանուլ տալ, ապա հինգ կամ տասը տարի անց կհասնենք այն կետին, երբ արդեն չենք կարողանա վերականգնվել»,- նշել է նա: Բենոնը նաև հնարավոր է համարել, որ Պեկինը կարող է հասնել համաձայնության, որը կհանգեցնի Փենյանի միջուկային ծրագրի սառեցմանը, իսկ Վաշինգտոնն այդ դեպքում կհանի իր զորքերը Կորեական թերակղզուց: Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, Բենոնի կարծիքով՝ նման բան հնարավոր է սոսկ հեռավոր ապագայում:
Ավելի վաղ Չինաստանի առեւտրի նախարարությունը, արձագանքելով իր ԱՄՆ-ի կողմից իր առեւտրական քաղաքականության հետաքննություն սկսելու նախաձեռնությանը, հայտարարել է, որ Պեկինն անգործության չի մատնվի, եթե Վաշինգտոնը միակողմանի կարգով որևիցե առեւտրական սահմանափակում մտցնի մտավոր սեփականության պաշտպանության պատրվակով: «Չինաստանը հուսով է, որ ամերիկացի առեւտրական ներկայացուցիչները կհարգեն եւ կհետեւեն օբյեկտիվ փաստերին, ինչպես նաեւ կգործեն զգուշությամբ»,- հայտնել են գերատեսչությունում: Իսկ եթե ԱՄՆ-ը նկատի չառնի այդ փաստերը եւ շարունակի գործել ի վնաս երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների, Չինաստանը «ձեռքերը ծալած» չի նայի դրան և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի «իր օրինական իրավունքների և շահերի պաշտպանության» համար, հավելել են առևտրի նախարարությունում:
Օգոստոսի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ուսումնասիրել Պեկինի կողմից «ամերիկյան մտավոր սեփականության հափշտակությունները»: «Ես առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչին կարգադրեցի ուսումնասիրել Չինաստանի քաղաքականությունը և գործողություններն ամերիկյան տեխնոլոգիաների հանձնման և ամերիկյան մտավոր սեփականության հափշտակությունների առնչությամբ»,- ասել է նա՝ հավելով, որ հետաքննության սկիզբը «մեծ քայլ է, բայց դա սոսկ սկիզբն է»:
Եթե ամերիկյան կողմը հեղինակային իրավունքների խախտման փաստ բացահայտի, Վաշինգտոնը կարող է ձեռնարկել մի շարք միջոցներ, այդ թվում՝ շատ բարձր սակագներ սահմանել չինական ներմուծման վրա և վերացնել այն թույլատրագրերը, որոնք տրվել են Չինաստանի ընկերություններին ԱՄՆ-ում գործարարություն վարելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: