Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC
Ֆինանսական ոլորտում հայտնի PwC ընկերությունը զեկույց է հրապարակել, որում կանխատեսվել է աշխարհի 32 հզորագույն երկրների ցանկը 2050 թվականին։
«Երկարաժամկետ տեսլական. Ինչպես կփոխվի համաշխարհային տնտեսակարգը մինչև 2050 թվականը» կոչվող այդ զեկույցում երկրները դասավորվել են ըստ իրենց ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) մեծության։ Հաշվի է առնվել ոչ թե ընթացիկ գներով, այլ՝ ըստ գնողունակության պարիտետի հաշվարկված ՀՆԱ-ն։
Ինչ է գնողունակության պարիտետը
Մինչ առաջ անցնելը՝ մասնագիտությամբ ոչ տնտեսագետների համար պարզ օրինակով ներկայացնենք, թե ինչ է գնողունակության պարիտետը (PPP – puchasing power parity):
Ենթադրենք՝ Հայաստանում ապրող Գևորգը աշխատում է և ամսական ստանում 200 հազար դրամ (մոտ 360 եվրո)։ Գերմանիայում ապրող Հանսը ամսական ստանում է 500 եվրո աշխատավարձ։ Ո՞վ է ավելի շատ վաստակում։
Բացարձակ թվով, իհարկե, Հանսը, որովհետև 500 եվրոն մեծ է 360 եվրոյից։ Սակայն մյուս կողմից, Գերմանիայում կյանքը ավելի թանկ է, քան Հայաստանում։ Որպեսզի Գևորգի և Հանսի կենսամակարդակի համեմատությունը ճիշտ լինի, պետք է ոչ թե պարզապես 360-ը համեմատել 500-ի հետ, այլ համեմատել՝ ինչ քանակով ապրանք ծառայություններ է հնարավոր ձեռք բերել Հայաստանում 360 եվրոյով, և Հանսի 500 եվրոյով՝ Գերմանիայում։
Եթե Հայաստանում 360 եվրոյով հնարավոր է ավելի շատ բան գնել և ավելի շատ ծառայություններից օգտվել, քան 500 եվրոյով՝ Գերմանիայում, նշանակում է՝ Գևորգը Հանսից շատ է վաստակում՝ ըստ գնողունակության պարիտետի։ Նրա 360 եվրոն իր գնողունակությամբ համարժեք է Գերմանիայի 600 կամ 700 եվրոյին։
Նույն տրամաբանությամբ համեմատվում են նաև աշխարհի տնտեսությունները։ Նրանց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ծավալները բերվում են համադրելի տեսքի՝ ճշգրտվում գնողունակության պարիտետով, ըստ գների, նոր համեմատվում։
Օրինակ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն 2016 թվականին ընթացիկ գներով կազմել է 10,5 մլրդ դոլար, իսկ գնողունակության պարիտետով՝ 25.8 մլրդ դոլար։ Ավստրալիայի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1.2 տրիլիոն դոլար, իսկ գնողունակության պարիտետով՝ 1.1 տրիլիոն դոլար (ըստ Համաշխարհային բանկի)։
Եթե դիտարկենք աշխարհի տնտեսությունները ընթացիկ գներով, ապա առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 18.6 տրլն դոլար ՀՆԱ-ով, երկրորդում՝ Չինաստանը՝ 11.1 տրլն դոլարով (2016 թվականի արդյունքներով)։ Սակայն գնողունակության պարիտետով աշխարհի խոշորագույն տնտեսությունը Չինաստանն է, որի ՀՆԱ-ն 21.4 տրլն դոլար է։
Խոշորագույն տնտեսությունները՝ 33 տարի անց
Ինչպես նշեցինք, PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի։ Վարկանիշում ներառվել է 32 երկիր։
Որպեսզի փոփոխությունն ավելի պարզ լինի, մենք PwC-ի տվյալների հետ համադրել ենք նաև նույն 32 երկրների ՀՆԱ-ի ծավալները 2016 թվականին։ Ինչպես նաև՝ կանաչ և կարմիր սլաքներով ցույց ենք տվել առանձին երկրների տեղաշարժը խոշորագույնների ցանկում։
Ինչպես տեսնում եք՝ 2050 թվականին Չինաստանը կշարունակի պահպանել առաջատարի դիրքը. այդ երկրի ՀՆԱ-ն գնողունակության պարիտետով կկազմի 58.5 տրլն դոլար։
Ըստ PwC-ի կանխատեսումների՝ երկրորդ տեղում կհայտնվի Հնդկաստանը՝ 44.1 տրլն դոլարով, իսկ ԱՄՆ-ը կնահանջի երրորդ տեղը՝ 34.1 տրլն դոլարով։
Ցանկի ընդհանուր օրինաչափությունն այն է, որ այսօրվա դրությամբ հզոր տնտեսություն ունեցող մի շարք երկրներ (ինչպես, օրինակ, Գերմանիան և Ճապոնիան) մինչև 2050 թվականը աստիճանաբար կնահանջեն՝ դիրքերը զիջելով Ինդոնեզիայի և Հնդկաստանի տիպի զարգացող տնտեսություննեին։