Մարիոս Կարոյան. Կիպրոսի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը
Կիպրոսի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Մարիոս (Μάριος Καρογιάν, Մարիոս Կարոյեան) ծնվել է 1961թ. Նիկոսիայում: Կիպրոսի Դեմոկրատական կուսակցության ապագա ղեկավարի ծնողների նախնիները՝ Կարապետ և Օրթանս Կարոյանները եղել են ծնուդնով Էրզրումից և Ադանայից, Կիպրոսում հայտնվել են՝ փրկվելով ցեղասպանությունից:
Մարիոս Կարոյանի հայրը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և հանդես է եկել Կիպրոսի հավաքականում: Երիտասարդ տարիներին Կարոյանը նույնպես զբաղվել է ֆուտբոոլով ու խաղացել տեղի հայկական AYMA ակումբում:
1979թ. Մարիոս Կարոյանը ընդունվել է Պերուջայի (Իտալիա) քաղաքագիտության ֆակուլտետ: Նա դարձել է Իտալիայում կիպրոսցի ուսանողների ասոցիացիայի առաջին նախագահը:
Ուսման տարիներին նա ծանոթացել է Կիպրոսի այդ ժամանակվա նախագահ Սպիրոս Կիպրիանուի հետ, որը պաշտոնական այցով գտնվում էր Իտալիայում: Հենց այդ ժամանակ էլ Կիպրոսի նախագահը երիտասարդ հային առաջարկեց կրթություն ստանալուց հետո վերադառնալ Կիպրոս ու գլխավորել Դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:
1997թ. արդեն փորձառու կուսակցական գործիչ Կարոյանն ընտրվել է Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ:
2003-2006թթ. Մարիոս Կարոյանը գլխավորել է Կիպրոսի նախագահ Տասսոս Պապադոպուլոսի մամուլի ծառայությունը, ապա ընտրվել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր:
Շուտով ծագումով հայ քաղաքական գործիչը դառնում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, իսկ 2008-ին ընտրվում Կիպրոսի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ:
Խորհրդարանի խոսնակի պաշտոնը նա լքում է 2011թ.:
Երկրի խորհրդարանում նախագահության տարիներին նա բազմիցս բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը, ելույթ է ունեցել՝ պահանջելով թուրքական իշխանություններից ճանաչել 1915թ. ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն:
Նա քիչ ջանքեր չի գործադրել՝ զարգացնելու հայ-կիպրական կապերը: 2015թ. Մարիոս Կարոյանը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նա արժանացել է Կիպրոսի Հանրապետության պետական բարձրագույն պարգևների: 2009թ. քաղաքական գործիչը Կիլիկիայի հայ կաթողիկոսության կողմից արժանացել է «Ասպետ» շքանշանի՝ ի նպաստ հայությանն ուղղված գործունեության: