«Մեռնել բոլորն էլ կարող են. պետք է սովորել ապրել». Պորֆիրի Իվանով
«Եվ ոչ միայն ապրել»,- ավելացնում է, ինչպես վերջինիս նրա հետևորդներն են կոչում, Ուսուցիչը։ Բոլորին լավ հայտնի է Ուսուցչի կենսագրությունն ու գլխավոր ստեղծագործությունը։ Հասարակական կարծիքը նրան համարում է մորժերի Աստվածը։ Սակայն սա շատ մակերեսային մոտեցում է։ Նրա ուսմունքն ավելին է, քան պարզապես սառը ջրով կոփումը։ Զարմանալի է, թե ինչպես է հասարակ հանքափորի մոտ ծնվել ու զարգացել մարդու ու բնության մասին այդպիսի տիեզերական ուսմունք։
Անբուժելի հիվանդությունը հատուցում է գործած մեղքերի համար
Բուռն ու հագեցած պատանեկությունը երիտասարդ տղային կանգնեցրեց անձնական դրամայի առաջ։ Երբ նա 30-ն անց էր, նրա մոտ հայտնաբերվեց աջ ձեռքի քաղցկեղ։ Այն ժամանակների համար անբուժելի հիվանդությունը նա համարեց իր գործած բազմաթիվ մեղքերի համար պատիժ։ Ի բնե Պորֆիրի Կորնեևիչը խիզախ մարդ էր ու իր նկատմամբ ազնիվ։ Նա չնստեց ու սպասեց անխուսափելի մահին, այլ որոշեց գնալ ու տարրալուծվել բնության մեջ։ Տրվել ցրտին ու սառչել։ Սա վախկոտի քայլ չէր։ Վախը սեղմում է գիտակցությունը և սիրտը։
Իվանովը հաղթեց իր ես-ին, և այդ սառնամանիքին իսկապես ձուլվեց բնությանը։ Նրա հոգուց իսպառ վերացավ վախը։ Նա դարձավ ազատ և հավերժ սիրահարված կյանքին, մարդկանց ու բնությանը։
Խիզախ սիրտը հաղթեց սառնամանիքին
Նա չսառեց, շատ ուժեղ սիրտը դեռ բաբախում էր նրա կրծքի տակ։ Ու նա բուժվեց։ Ուսուցիչն իսկապես բնությունը զգում էր՝ որպես մի ամբողջական կենդանի օրգանիզմ։ Նրանք շփվում էին միմյանց հետ՝ ինչպես զավակն ու սիրող մայրը։ Նրան անգամ ֆաշիստները չկարողացան սառեցնել։ Մերկ պտտում էին սառնամանիքին, ու նա չէր սառչում։ Ոչ մի կենդանի օրգանիզմ այդ ցրտին չէր կարող դիմանալ, իսկ նա դիմացավ։ Գեներալ Պաուլյուսն անգամ հանձնարարեց ուսումնասիրել այդ ֆենոմենը։ Ուսուցիչն ասում էր, որ չի վախենում անգամ մահից, իսկ ամենակարևորը մաքուր օդն է ու մայր բնության հետ ազնիվ լինելը։
Իր ուսմունքի էությունը նա պարզ ժողովրդական լեզվով շարադրեց իր կյանքի գլխավոր՝ «Փոքրիկս» անվանված աշխատության մեջ։ Նա ասում էր. «Շուտով ես կդառնամ 85 տարեկան։ Նրանցից 50-ը ես նվիրել եմ առողջ կյանքի եղանակների պրակտիկ փնտրտուքներին։ Դրա համար ես ամեն օր ինձ վրա եմ փորձարկում բնության տարբեր որակները, հատկապես նրա ամենադաժան կողմերը։ Դիմում եմ քեզ, փոքրիկս, ընդունիր մի քանի խորհուրդ, որպեսզի ամրապնդես առողջությունդ»։
1. Օրական 2 անգամ լողացիր սառը ջրով, որ քեզ լավ զգաս։ Լողացիր՝ ինչպես և ուր կուզես. լճում, գետում, լոգարանում, ցնցուղ ընդունիր կամ ցայվիր։ Տաք ջրով լոգանքն ավարտիր սառով:
2. Լողանալուց առաջ կամ հետո գնա դեպի բնությունը, բոբիկ ոտքերով կանգնիր հողին, իսկ ձմռանը՝ ձյան վրա՝ գոնե 1-2 րոպե։ Բերանով շնչիր և մտովի քեզ ու բոլոր մարդկանց առողջություն մաղթիր։
3. Մի օգտագործիր ալկոհոլ և մի ծխիր։
4. Աշխատիր շաբաթը գոնե 1 անգամ դիմանալ առանց հացի ու ջրի ուրբաթ՝ ժամը 18-20:00-ից մինչև կիրակի՝ ժամը 12-ը։ Սա քո վաստակն ու հանգիստն է։ Եթե չես դիմանա, գոնե մեկ օր զսպիր քեզ։
5. Կիրակի օրը՝ ցերեկը ժամը 12-ին, բոբիկ քայլիր բնության մեջ ու մտածիր։ Դրանից հետո կարող ես ուտել, ինչ ուզում ես։
6. Սիրիր քեզ շրջապատող բնությունը։ Մի թքիր։ Սովորիր չթքել։ Դա քո առողջությունն է։
7. Բարևիր բոլորին, հատկապես՝ ծերերին։ Ուզում ես առողջ լինել՝ ողջագուրվիր բոլորի հետ ամենուր։
8. Օգնիր մարդկանց՝ ինչով կարող ես, հատկապես՝ աղքատին, հիվանդին, խեղճին, կարիքավորին։ Արա դա ուրախությամբ։ Արձագանքիր կարիքին հոգով ու սրտով։
9. Հաղթիր քո միջի ժլատին, ծույլին, ինքնահավանին, վախկոտին, երկերեսանիին, չափազանց հպարտին։ Հավատա և սիրիր մարդկանց։ Նրանց նկատմամբ արդար եղիր։
10. Գլուխդ ազատիր հիվանդության, վատ ինքնազգացողության ու մահվան մասին մտքերից։ Դա քո հաղթանակն է։
11. Միտքդ գործից մի կտրիր։
12. Պատմիր և փոխանցիր քո փորձը, բայց գլուխ մի գովիր։ Համեստ եղիր։
Չհիվանդանալու համար ճիշտ շնչեք
Պորֆիրի Իվանովը հիանալի բժշկող էր։ Նա ինքն էր հիվանդի վրա 2-3 դույլ ջուր լցնում ու պառկեցնում հողին՝ իր ձեռքերով կպչելով նրա գլխին և ոտքերի մատներին՝ այդպիսով իր էներգիան փոխանցելով հիվանդին։ Մարդիկ դրանից հետո կանգնում էին արդեն պարզ աչքերով։ Հնդիկ յոգերը ճիշտ շնչելուն նվիրված մի ամբողջ գիտություն ունեն՝ պրանայաման։ Իվանովը խորհուրդ էր տալիս օդը ներս քաշել մեծ բարձրությունից, ուր մաքուր ու սառն է։ Աչքերը պետք է նայեն վեր՝ ամպերից էլ այն կողմ։ Դանդաղ ու խորը պետք է շնչել։ Դադար։ Արտաշնչել բերանով։ Ու աստիճանաբար Ձեր հիվանդությունները, վախերը և բարդույթներն անհետանում են։ Ինչո՞ւ բուժվել, երբ կարելի է և պետք է հիվանդությանը չթողնել մարմին մտնի։ Պետք է միայն ճիշտ շնչել։
Պատրաստեց ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ