«Հրաչ Բերբերյանը 55-70%-ը որտեղի՞ց է ասում, ուրեմն մենք վարչապետին սխա՞լ թիվ ենք զեկուցել». պարզաբանում են ԱԻՆ-ից
168.am-ը հուլիսի 10-ին հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքը՝ հակակարկտային հրթիռային կայանների ներդրման վերաբերյալ։ Մեր զրուցակիցը նշել էր, որ ողջունում է հրթիռային համակարգի ներդրումը Հայաստանում։ «Առանց այդ պիլոտային ծրագրերի էլ այդ սարքերը 1980-ական թվականներին Հայաստանում փորձարկվել են։ Դրանք համահունչ են արկային համակարգին, նույն էֆեկտիվությունն ունեն։ Խոսքը 55-70% էֆեկտիվության մասին է, հայտարարվող 80%-ը միֆ է»,- մասնավորապես ասել էր նա։
Հ. Բերբերյանի վերոնշյալ և մյուս դիտարկումների վերաբերյալ այսօր 168.am-ին պարզաբանում տվեցին ԱԻՆ-ից։
Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կենտրոնի պետի տեղակալ Սուրեն Հովսեփյանն ասաց, որ ծրագիրը կազմել են համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության փորձագետները, տրվել է փորձագիտական եզրակացություն, ըստ որի՝ հակակարկտային կայանների արդյունավետությունը նախնական գնահատվել է 70-90%` ՀՀ-ում կիրառելու համար.
«Վարչապետը որ ասել է՝ 80+%, նա վերցրել է միջինը, այսինքն՝ 70-90% գնահատականի միջինը, ինչը նշանակում է, որ, եթե 70% արդյունավետություն է, ապա պաշտպանվող տարածքում 30% վնաս ենք ունենալու, իսկ 70%-ը պաշտպանվելու է։ Հրաչ Բերբերյանը երբ ասում է, որ 80%-ը միֆ է, այդպիսի արտահայտություն անել չի կարելի։
Մենք այս ծրագրի համար հատուկ մասնագետների ենք հրավիրել, գումարներ ենք ծախսել, որ այդ մարդիկ այդ ուսումնասիրությունները կատարեն ՀՀ-ի համար, և այդ մարդկանց գործի վրա չի կարելի նման արտահայտությամբ քար գցել»։
Ինչ վերաբերում է Բերբերյանի այն դիտարկմանը, թե պետք է հրթիռային համակարգը զգուշորեն կիրառել, Հովսեփյանը նշեց, որ կիրառության հետ կապված խնդիրներ չեն կարող առաջանալ.
Բերբերյանն ասում է. «Այդ արկերը, եթե չեմ սխալվում, թռչում են մոտ 12 կմ, և Աստված մի արասցե՝ հայ-թուրքական սահմանը հատեն»։
Նախ՝ արկեր չեն, այլ՝ հրթիռներ, դրանք թռչում են ոչ թե՝ 12 կմ, այլ՝ 14 կմ է և ավելի, բայց էֆեկտիվ ցանց իրականացնում են 10 կմ-ի վրա։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանը հատելուն, ապա հայ-թուրքական սահմանը չեն հատի, որովհետև հրթիռային կայանքներն այնպես են տեղադրված, որ Թուրքիայի սահմանի կողմ չեն կրակելու։ Հիմա ամբողջովին ավտոմատացված է այդ համակարգը, և հրթիռային կայանը պարզապես Թուրքիայի սահմանի մոտ չի պտտվելու, այնտեղ արգելված գոտի է սահմանվելու և ծրագրով փակ է լինելու։ Ինչ վերաբերում է նրան, որ հրթիռը կարող է ուղեգծից շեղվել և ընկնել Թուրքիայի սահմանում, դա չի լինելու, որովհետև նախկինում կիրառվողի սկզբնական արագությունը 200 կմԺ էր, իսկ հիմա թռչում է 800 կմԺ արագությամբ, և քամին նրա վրա բացարձակ ազդեցություն չի ունենում։
Այսինքն՝ դա կարող ենք բացառել։ Եթե անգամ ընկնի Թուրքիայի սահմանին, ապա հրթիռը պայթուցիկ նյութ չի պարունակում և միայն պլաստմասսե կտորներ են ընկնելու, որը ոչ մի վտանգ չի պարունակում»։
Հ. Բերբերյանն առաջարկում էր հրթիռային կայանները տեղադրել այն վայրերում, որոնք ռիսկային չեն. «Սահմանից մինիմում 30 կմ հեռու պետք է գտնվեն։ Սահմանամերձ գոտում պետք է տեղադրվեն միայն և միայն ցանցային համակարգերը»։
Մինչդեռ Հովսեփյանն ասաց, որ հենց հայ-թուրքական սահմանի մոտ էլ դրանք տեղադրվելու են, բայց Թուրքիայի սահմանի կողմ հրթիռ չի արձակվելու.
«Ինչպես նշեցի՝ ծրագրով դա փակ է լինելու, և, եթե չպտտվի Թուրքիայի կողմ, ինչպե՞ս է այնտեղ հրթիռ արձակելու։ Այսինքն՝ կայանները սահմանի մոտ էլ են դրվելու, բայց կրակելու են միայն Հայաստանի օդային տարածքի ուղղությամբ»։
Անդրադառնալով հրթիռային համակարգի փորձարկմանը՝ Հովսեփյանն ասաց, որ, եթե Բերբերյանը նշում է, որ սարքերը փորձարկման կարիք չունեն, դրանց էֆեկտիվությունն ապացուցված է, հենց այդ էֆեկտիվությունն իմանալով են իրենք 70-90% արդյունքի մասին խոսել, և ըստ նրա՝ հակասություն կա այդ երկու հայտարարությունների միջև։
Մեր դիտարկմանը, թե Բերբերյանը հենց խոսքի սկզբում նշում է, որ այս սարքերն էֆեկտիվ են, և ողջունում է նախագիծը, պարզապես թվերի մասով է ասում, որ նշված չափով էֆեկտիվ չեն, Հովսեփյանն այսպես արձագանքեց.
«Լավ է անում, որ ողջունում է, դա իր գործն է, բայց ուզում է ասել, որ նշված 80%-ը չի՞ համապատասխանում իրականությանը։ Նա 55-70%-ը որտեղի՞ց է ասում, ուրեմն մենք վարչապետին սխա՞լ թիվ ենք զեկուցել։ Այդ թիվը մեզ այն մարդիկ են ասել, որոնց Պուտինը մեդալ է տալիս. այդ մարդիկ սխա՞լ են գրել, բնականաբար՝ ոչ։
Երևի դեռ մի բան էլ քիչ են գրել՝ իրենց ապահովագրելու համար, բայց դա արդեն հետագան ցույց կտա, թե ոնց կլինի։ Ինչ վերաբերում է փորձարկումներին, ապա դրանք էֆեկտիվության ապացուցման համար չեն իրականացվելու. մենք կարող էինք ամբողջ ծրագիրը միանգամից սկսել, չէ՞, օրինակ՝ 50 հատ հրթիռային կայան տեղադրեինք, բայց պիլոտային ծրագրով ենք սկսում, որովհետև փորձարկվում են համագործակցության մեխանիզմները, այսինքն՝ ավիացիայի, ռազմական ավիացիայի հետ մեր ներքին ստորաբաժանումներն ինչպես պետք է աշխատեն, և այլն։
Դա է փորձարկվում, ոչ թե եղանակը։ Այս փուլում դա ընթացքի մեջ է, և կարգը շրջանառության մեջ է դրվել նորմատիվ հրամանի տեսքով, որը 4 նախարար պետք է հաստատեն, թե ավիացիայի հետ ինչպես պետք է համագործակցել։ Փորձարկումը դրան է վերաբերում, թե չէ պարզ է, որ մենք կարկուտի դեմ չենք կրակելու։ Բայց նշեմ, որ սեպտեմբերին էլ, հոկտեմբերին էլ կարկուտ լինում է»։
Հարցին՝ հրթիռային համակարգը երբվանի՞ց է գործարկվելու, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Արդեն աշխատանքները սկսվել են. երեկ ավարտվել են Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի արդիականացման աշխատանքները, արձակիչ կայանի երկու հիմք տեղադրվել է, հիմա մատակարարը խոստացել է արձակիչ երրորդ կայանն իր կողմից նվիրել։ Մեկ հրթիռային կայան տեղադրվելու է Ոսկեհատի շրջանում, մեկը՝ Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում, մյուսը՝ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում։ Երեք կայանը միասին պաշտպանության տակ կվերցնեն մոտ 45 հազար հեկտար տարածք։ Ամբողջ հանրապետության տարածքը պաշտպանելու համար պետք է տեղադրվի 70 կայան։
Ներկայումս մենք ունենք մոտ 460 հազար հեկտար մշակովի հողատարածքներ, բայց գյուղնշանակության հողատարածքները մոտ 1 մլն 130 հազար հեկտար են կազմում, եթե չեմ սխալվում։ Ծրագիրը կազմվել է ամբողջ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների պաշտպանության համար։ Պաշտպանության գոտում են ընկնում նաև բնակավայրեր, շենքեր, շինություններ, ջերմոցային տնտեսություններ։ Այսինքն՝ եթե կարկուտը բերքը չվնասեց, այլ վնասեց մեքենաները, տների տանիքները, ջերմոցների ապակիները, ապա դրա վնասը կարող է ավելի շատ լինել, քան այդ տարվա բերքը, դրա համար այդպիսի պաշտպանության մեխանիզմ է ընտրված և իրականացվելու է կոմպլեքս պաշտպանություն»։
Ս. Հովսեփյանը նշեց, որ ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է իրականացնել 3 տարվա ընթացքում. «Ե՛վ հրթիռային արձակիչ կայանները, և՛ ռադիոլոկացիոն կայանները բնակչության համար սպառման ենթակա ապրանքներ չեն, դրանք երկակի նշանակություն ունեն, և օրինակ՝ հրթիռային կայանների պատրաստումը տևում է 7 ամիս։ Ուղղակի այս պարագայում մենք խնդրել ենք հնարավորինս արագացնել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունենանք։ Ռադիոլոկացիոն կայանը պատրաստվում է 9 ամսում, իսկ տեղադրումը տևում է մոտ 1 ամիս»։