«Վրաստանը գիտակցում է, որ Ռուսաստանը փոքր պետություն չէ և նրա հետ պետք է հաշվի նստել». վրացագետ
Վրացագետ Ալիկ Էրոյանցի դիտարկմամբ՝ տրամաբանական է, որ ՌԴ նախագահի այցն Աբխազիա նման քննադատությունների պետք է արժանանար, քանի որ վրաց-ռուսական կոնֆլիկտը, մասնավորապես՝ աբխազական, հարավօսական հարցի շուրջ, գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։
Ըստ վրացագետի՝ Ռուսաստանը Վրաստանի կողմից որպես ագրեսոր և օկուպանտ երկիր է դիտարկվում, և աշխարհում, միջազգային տարբեր հարթակներում այդ հարցի մասին բարձրաձայնումը բերում է այդ հարցի էլ ավելի արդիականացման։
«Տվյալ պարագայում շատ ավելի բուռն քննադատությունների ալիք եղավ, քանի որ այցելությունը համընկավ հարավօսական կոնֆլիկտի, այսինքն՝ 2008 թ. 5-օրյա ռուս- վրացական պատերազմի 9-րդ տարելիցի հետ, և արձագանք եղավ միջազգային տարբեր ատյաններից, կառույցներից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից, ԱՄՆ Պետդեպարտամենտից, Վրաստանում ԵՄ դեսպանից։
Այսինքն՝ բնական է, որ նման բացասական արձագանքներ պետք է լինեին, թեև կարծում եմ՝ սա ընդհանուր առմամբ ոչ մի ձևով չի կարող անդրադառնալ ներկա դրությամբ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության վրա, մասնավորապես՝ իրենք խորացնում են Աբխազիայի հետ հարաբերությունները, և այն դիտարկումը, որն արվում էր Վրաստանի կողմից կամ միջազգային տարբեր կառույցների կողմից առ այն, թե Ռուսաստանն առանց Վրաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելու՝ այցելել է Աբխազիա, բնական է, որ ընդունելի չի կարող լինել Ռուսաստանի կողմից, քանի որ իրենք ճանաչել են Աբխազիայի և Հարավօսիայի անկախությունը հենց պատերազմից հետո, և իրենց տեսանկյունից դրա կարիքը չկա»,- ասաց Էրոյանցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Աբխազիան իրենց հարաբերությունները փորձում են է՛լ ավելի զարգացնել, խորացնել՝ ի հակառակ Վրաստանի և միջազգային հանրության մի հատվածի կամքի կամ ցանկության։
Պատասխանելով հարցին, թե սա կարո՞ղ է տարածաշրջանում նոր կոնֆլիկտի հանգեցնել՝ վրացագետն ասաց, որ առհասարակ սա արդեն կոնֆլիկտ է, թեև՝ ոչ այդքան թեժ։
Ա. Էրոյանցը նկատեց, որ, եթե Թբիլիսիի տեսանկյունից նայենք, այնտեղ անընդհատ իրավիճակը սրվում է, ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են արվում, որ ռուսական՝ հարավօսական կողմը դեպի Վրաստանի տարածք սահման է առաջ քաշում, նաև առևանգումների մասին են հայտարարություններ արվում.
«Այսինքն՝ իրենց համար ընթացիկ կոնֆլիկտը շատ ավելի թեժ է, քան միջազգային հանրության համար, և այդ է պատճառը, որ մշտապես վրացական կողմը բարձրաձայնում է այդ խնդրի մասին, և բնական է՝ միջազգային հանրության առնվազն մի հատված պաշտպանում է Վրաստանի շահերը, և մասնավորապես՝ ՆԱՏՕ-ն, արևմտյան կառույցները, ԵՄ երկրները մշտապես Վրաստանին իրենց աջակցությունն են հայտնում»։
Ըստ Ա. Էրոյանցի՝ այդ առումով Վրաստանը, կարծես, պաշտպանված է, բայց մյուս տեսանկյունից իրենք լավ գիտակցում են, որ Ռուսաստանը փոքր պետություն չէ, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել։
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ վրացագետը նշեց, որ դրանք ավանդապես գտնվում են բարձր մակարդակի վրա, բավականին ակտիվ համագործակցություն է ընթանում կոնկրետ տարվա ընթացքում, այդուհանդերձ, ըստ բանախոսի՝ միշտ էլ առկա են այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարելի է է՛լ ավելի ակտիվացնել ու զարգացնել համագործակցությունը։
«Ընթացիկ տարվա մասին կարող եմ ասել, որ որոշակի պասիվություն նկատվում է, որը, իհարկե, ցանկալի է, որ փոփոխվի և ավելի ակտիվանա»,- նկատեց Ա. Էրոյանցը։
Այնուամենայնիվ, վերջինս չի կիսում այն կարծիքը, որ սա պայմանավորված է հայ-իրանական հարաբերությունների ակտիվացմամբ, քանի որ, ըստ նրա՝ վրացական կողմը սպասողական դիրքում է, որովհետև իրանական գազի՝ դեպի Վրաստան և ԵՄ երկրներ արտահանման հարցի շուրջ քննարկումներ են ծավալվել. «Թեև հիմնական խնդիրը, կարծում եմ, որ վրացական դաշտում է, և Թբիլիսին պետք է կողմնորոշվի, թե ո՞ր տարբերակն է նախընտրելու, եթե այս ծրագիրը դնեն իրական հողի վրա»։
Ռոզա Հակոբյան