![](/banners/BeFunky-design.jpg)
«Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանի տնտեսական շրջափակումն է՛լ ավելի խորացնել՝ դրան մասնակից դարձնելով նաև Վրաստանին». Ալիկ Էրոյանց
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/12311609_936957263066677_1525983404_o.jpg)
Վրացագետ Ալիկ Էրոյանցի կարծիքով՝ իրանական գազը դեպի Վրաստան, ապա՝ ԵՄ տարածք արտահանելու հարցը բավականին խճճված է այն առումով, որ այդտեղ կա ոչ միայն Իրան-Հայաստան-Վրաստան մասնակցություն, այլ նաև Ռուսաստանի, նաև՝ Ադրբեջանի և Արևմուտքի ազդեցությունը Վրաստանի վրա, և այդ շրջանակներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շահերի բախում։
«Այս հարցի հանգույցը գտնվում է Վրաստանում։ Ամենաբարձ մակարդակով պաշտոնական հայտարարություններ այս հարցի հետ կապված հնչել են թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի կողմից, բայց հիմնականում վրացական և իրանական կողմի հայտարարությունները որոշակիորեն չեն համընկել միմյանց հետ։ Եղել են դեպքեր, երբ հայտարարություններ են եղել իրանական կողմից, այնուհետև վրացական կողմը հերքել է դրա իրականությունը, որ իրենց միջև տեղի է ունեցել գազի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածություն։ Թեև փորձնական քանակի ծավալների գազ Իրանից Վրաստան մատակարարվել է, որը, ինչպես պարզվել է, եղել է ավելի շատ մասնավոր ընկերության ներկրման միջոցով, այսինքն՝ պետական մակարդակով չի եղել այդ համագործակցությունը Վրաստանի և Իրանի միջև»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց վրացագետը։
Էրոյանցի խոսքով՝ վրացական կողմից հիմնականում հայտարարվում է, որ իրենց հիմնական մատակարարներ Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի մատչելի գնով են գազ մատակարարում.
«Ժամանակ առ ժամանակ վրացական կողմը բարձրացնում է իրանական գազի ոչ մրցունակ լինելու հարցը՝ համեմատած ռուսական և ադրբեջանական գազի հետ։ Այսինքն՝ այլ հանգամանք չի նշվում, օրինակ՝ մատակարարման տեխնիկական խնդիր կամ քաղաքական շահերի բախման խնդիր, այլ հիմնականում գնային քաղաքականության մասին է խոսվում։
Եթե հիշում եք՝ հենց «Գազպրոմի» և Վրաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուների՝ նախկին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կալաձեի բավականին երկար ամիսների բանակցությունների արդյունքում Հայաստան մատակարարվող գազի հումքային փոխհատուցման փոխարեն՝ արդեն այս տարվա երկրորդ կեսից Ռուսաստանն ուղղակի տրանզիտային վճար է տալու Վրաստանին, որը շատ ավելի ցածր գին է ենթադրում, քան, օրինակ՝ Վրաստանը շահում էր հենց հումքի տեսքով։
Թեև դրա դիմաց Ռուսաստանը փորձեց Վրաստանին անհրաժեշտ գազի ծավալն ավելի ցածր գնով մատակարարել Վրաստանին. եթե չեմ սխալվում՝ 1000 խմ-ի համար միջինը 180-185 դոլարի սահմաններում, իսկ «Սոկարի» կողմից, եթե չեմ սխալվում, 140 դոլարով սոցիալական սպառման գազն է մատակարարվում, իսկ 280 դոլարով՝ կոմերցիոն սպառման գազը։ Այսինքն՝ վրացական կողմը հիմնականում առաջ է քաշում գնային քաղաքականության մեջ իրենց համար առավել շահավետ պայմաններում հայտնվելու հանգամանքը»։
Միևնույն ժամանակ, վրացագետն ընդգծեց, որ Վրաստանի հասարակական կամ որոշ փորձագիտական շրջանակների կողմից մշտապես շեշտվում է Ռուսաստանից՝ որպես թշնամի պետությունից, գազ ստանալու անթույլատելիությունը.
«Այսինքն՝ իրենց համար կարծես թե ավելի նախընտրելի է ադրբեջանական կամ նույն իրանական գազը՝ ռուսական գազի փոխարեն, քանի որ 2006թ., ինչպես իրենց մոտ է ընդունված ասել՝ գազային բլոկադա տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից, որի արդյունքում՝ ամբողջ Վրաստանը, այսպես ասած՝ սառչել էր։ Եվ բնական է, որ այս բոլոր գործոններով պայմանավորված՝ ինչ-որ առումով հարցը խճճվում է»։
Թեև հայկական, վրացական և իրանական կողմերն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ իրենք պատրաստ են համագործակցության, բայց ներկա պահին, Էրոյանցի խոսքով՝ դժբար է ասել, թե երբ դա տեղի կունենա ու ինչ ձևաչափով։
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դեռևս հստակ որոշված չէ՝ դա տեղի կունենա Հայաստանի մասնակցությա՞մբ, թե՞ ոչ.
«Թուրքական տարածքով իրանական գազը Վրաստան արտահանելու հանգամանքը բացառվում է, քանի որ այնտեղ ռելիեֆային և սեյսմիկ առումով բարդ գոտի է։ Ավելի շատ դիտարկվում են Ադրբեջանը և Հայաստանը՝ որպես տարանցիկ ուղի, թեև գիտեք՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են, և կողմերի փոխվստահության ֆոնին նաև Իրանին է ձեռնտու, որպեսզի դա տեղի ունենա Հայաստանի մասնակցությամբ։ Վրաստանը պետք է ճիշտ տարբերակ ընտրի, նաև վրացական կողմն է դա գիտակցում, որ Իրանից դեպի Վրաստան գազը հասնի Հայաստանի միջոցով, քանի որ դա կլինի այլընտրանք արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղին։
Այսինքն՝ այսպես թե այնպես, գազամատակարարումը գրեթե ամբողջովին իրականացվում է Արդբեջանից, և մյուս ուղին դրան այլընտրանք կլինի։
Հակառակ պարագայում՝ Վրաստանը կնպաստի ադրբեջանական ընկերության մենաշնորհային քաղաքականության ավելի խորացմանը Վրաստանում, և թուրքական գործոնը դրա ֆոնին էլ ավելի կուժգնանա։ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տնտեսական շրջափակումը փորձում են էլ ավելի խորացնել՝ դրան մասնակից դարձնելով նաև Վրաստանին, իսկ Վրաստանը կկարողանա ինչ-որ չափով դրան հակազդել, եթե այդ գազատարն անցնի Հայաստանով»։