Բաժիններ՝

««Մաքուր Հայաստան» ծրագիրը շատ նման է մի ակցիայի». Ինգա Զարաֆյան

Էկոլոգ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանի խոսքով՝ Երևան քաղաքում տեսնում է  բարելավում աղբահանության մասով, ինչ-որ տեղաշարժ կա՝ չհաշված այն, որ մեքենաները գիշերը 3-ին են մոտենում, բայց գոնե աղբը երկար չի մնում.

«Բայց ավելի վատ խնդիրներ կան մարզերում, որովհետև մարզերում աղբահանությունը շատ ավելի վատ է կազմակերպված կամ ընդհանրապես կազմակերպված չէ, որի արդյունքում՝ տասնամյակներ շարունակ ընդունված է եղել, որ աղբը տանեն և լցնեն գետերի ափերին։ Մտածելակերպն այսպիսին է. ինչ էլ լցնես, գետը կտանի, բայց գետն ունակ չէ ամեն ինչ տանելու, և շատ դեպքերում ամառվա ընթացքում գետերում ջրի քանակը պակասում է և աղբը կուտակվում է  գետերի ափերին»։

Ըստ Լուսինե Թասլակյանի՝ եթե մենք խոսում ենք տուրիզմի զարգացման մասին, ապա առաջնահերթ խնդիրն աղբահանության խնդրի կարգավորումն է և գետերի շունչը բացելու խնդիրը՝ ազատել գետերի ափերը և հուները, որպեսզի ջուրը կարողանա տեղաշարժվել։

«Պետք է տեսակավորում ունենանք աղբի, որովհետև աղբավայրերի խնդիրը դեռ կա, նորմալ ստանդարտներով կառուցված աղբավայրեր դեռ չունենք։ Մենք  իրոք ունենք տուրիզմի պոտենցիալ, հրաշալի վայրեր ունենք, որտեղ ուղղակի ամաչում ես մարդ տանել զուտ այդ աղբակույտը չտեսնելու համար»,- ասաց էկոլոգ Լուսինե Թասլակյանը։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը նկատեց, որ միջին թվով մեզ մոտ հաշվարկված է մոտավորապես 450 աղբավայր, որից Երևանի՝ Նուբարաշենի աղբավայրը, այսպես թե այնպես, ունի աղբի կառավարման համակարգ։

«Եվրոպական ստանդարտներ կամ ժամանակակից տեխնոլոգիաներ մեզ մոտ չեն կիրառվում:  Աղբի վերամշակման, ուտիլիզացման ոչ մի տեխնոլոգիա չի իրականացվում, որովհետև առաջին հերթին՝ մեզ մոտ չկա ճիշտ գնահատում, թե ո՞ր տեսակի աղբը մենք կարող ենք վերամշակել։ Աղբը պետք է տեսակավորել»,- նկատեց բնապահպանը։

Խոսելով բժշկական թափոնների մասին՝ նա ասաց, որ դրանք հատուկ ձևով պետք է պահել և տեղավորել ինչ-որ մի տեղ, բայց այդ հատուկ ձևը կասկածելի է՝ մեզ մոտ ընդունվա՞ծ է, թե՞ ոչ. «Չէ՞ որ վարակված ներարկիչները և այլն գնում են ընդհանուր աղբավայր»։

Տիկին Զարաֆյանը տեղեկացրեց, որ ըստ եվրոպական բանկի՝ որպեսզի մեր հանրապետությունում աղբահանության խնդիրը 95 տոկոսից ավելի լուծում ստանա, մեզ անհրաժեշտ է  մոտ 90 մլն եվրոյի չափ գումար։

«Մեզ մոտ աղբահանությունը նշանակում է, որ մենք աղբը մի տեղում կուտակում ենք և հետո տանում մեկ այլ ավելի մեծ տեղ, ու վերջ. մենք խնդիրը չենք լուծում, ուղղակի աղբը տեղափոխում ենք այստեղից այնտեղ ու ծախսում ենք շատ մեծ գումարներ»,- նշեց բնապահպանը։

Անդրադառնալով կառավարության իրականացրած «Մաքուր Հայաստան» ծրագրին, տիկին Զարաֆյանն ասաց.  «Այն լավ ծրագիր է, բայց ուղղված է տեսարժան վայրերի մաքրմանը։ Այն նման է մի ակցիայի, բայց դա աղբի կառավարման խնդիրը չի լուծում, իսկ մենք խիստ պահանջ ունենք աղբի կառավարման խնդիր լուծելու։ Մենք ունենք ռազմավարություն, որտեղ մի փոքր խոսք է ասված աղբի վերամշակման մասին, բայց ոչ մի միջոցառում չկա»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս