Բաժիններ՝

«Եթե եզդիները փրկում են իրենց ֆիզիկական գոյությունը, որպես եզդի չեն մնալու». Հասան Թամոյան

Այսօր լրանում է եզդիների ցեղասպանության երրորդ տարելիցը։ Եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանի խոսքով՝ երեք տարի առաջ տեղի ունեցածը ողբերգություն է եզդիների կյանքում։ Ըստ Հ. Թամոյանի՝ պատահական չէ, որ ցեղասպանության վայրը Իրաքի հյուսիսային մասում գտնվող Շանգալ բնակավայրն էր։

«Բնակավայրը մեր ժողովրդի կյանքում իսկապես նվիրական է, որը դարերի ընթացքում դիմադրել է ամենատարբեր հարևանների հարձակումներին՝ արաբների, պարսիկների, թուրքերի։ Այս բնակավայրը եղել է, այսպես ասած, մեր հարևանների ուշադրության կենտրոնում՝ լոկ ունենալով մեկ նպատակ՝ դատարկելու այնտեղի եզդիներին. մի բան, որը նրանց մի քանի հազար տարի չհաջողվեց, բայց, ցավոք, հաջողվեց  21-րդ դարի սկզբին։ Այսօր հազարավոր եզդիներ դարձել են թափառական, զոհվել են, սպանվել, գերեվարվել, և շատ ծանր ու աղետալի վիճակ է ստեղծվել մեզ համար։ Առավել ևս, որ Իրաքի հյուսիսային մասում ապրում էր եզդի ժողովրդի ամենաստվար զանգվածը։ Այսօր Իրաքի հյուսիսում ապրող եզդիները, եթե, իհարկե, մնացել են, այնտեղ գտնվում են օրհասական վիճակում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասան Թամոյանը։

Նրա խոսքով՝ իրենց հստակ տեղեկատվության չի հասնում, թե քանի՞սն են մնացել Շանգալում, քանի որ Իրաքում ազգային պատկանելության հարցը պարզված չի եղել, և եզդիները համարվել են կրոնական փոքրամասնություն կամ Իրաքի Հանրապետության քաղաքացի, իսկ ոչ այդքան հավաստի տվյալներով՝ Իրաքում ապրում է մեկ միլիոն եզդի, բայց ըստ բանախոսի՝ այս դեպքերից հետո եզդիների թիվն իսկապես շատ է փոքրացել. թողնում են, գնում, ահաբեկված են, վախեցած։

Հ. Թամոյանը տեղեկացրեց, որ այդ դեպքերից հետո, երկու տարի առաջ երեք ընտանիք մասնավոր անձանց օգնությամբ ու աջակցությամբ եկել են Հայաստան. «Նրանք եկան, որոշ ժամանակ մնացին այստեղ, և ոչ թե Հայաստանի, այլ տեղի եզդիական միջավայրին չմերվեցին։ Ասել, թե մեր բարքերը նույնն են, ոչ։ Հեռու ապրելով մի քանի դար՝ մեր որոշ բարքեր արդեն տարբերվում են»։

Նա նաև նշեց, որ եզդիների մի զանգված Թուրքիայում է։ Նա տեղեկացրեց, որ Դիարբեքիրին մոտ գտնվող եզդիների ճամբարը թուրքական իշխանությունները որոշել են փակել, ներգաղթյալներին զգուշացրել են լքել տարածքը երեք օրվա ընթացքում, իսկ ճամբարի բնակիչները պնդում են, որ օրինական են գտնվում Թուրքիայում, ժամանակավոր կացության իրավունք ունեն և ճամբարից գնալու տեղ չունեն, իսկ դուրս գալու համար որևէ պատճառաբանության չկա, անգամ իրենց տրվող սնունդն էլ շատ սահմանափակ է։

«Բոլոր միջազգային  կազմակերպությունները գոռում են, որ ստեղծվել են  պայմաններ, որ եզդի փախստականները գոնե ժամանակավոր ապրեն, բայց մարդկանց  վերջնագիր են ներկայացնում՝ ազատե՛ք ու գնացե՛ք»,- ասաց բանախոսը։

Հ. Թամոյանի համոզմամբ՝ Եվրոպայում եզդիները դատապարտված են ավելի արագ ասիմիլյացման։

«Եթե եզդիները փրկում են իրենց ֆիզիկական գոյությունը, որպես եզդի չեն մնալու, որովհետև մենք մեր յուրահատկություններն ունենք, մեր համախմբված ապրելով է, որ գոյատևում ենք։  Չունենալով պետականության՝ մեր համախմբված ապրելու շնորհիվ է, որ գոյատևել ենք, և որպես տեսակ՝ պահպանվել։ Գնալով եվրոպական երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, հավատացե՛ք, որպես եզդի՝ շատ կարճ ժամանակ հետո նրանք գոյություն ունենալ չեն կարող։ Մեր փրկությունն է այն, որ հնարավորություն ստեղծվեր՝ նրանք վերադառնային մեր բնօրրան, մեր հայրենիք, մեր երկիր։ Դա է այն միջավայրը, որտեղ մենք մեզ եզդի կզգանք».- նշեց Հ. Թամոյանը։

Վերջինս ասաց, որ չգիտես՝ ինչո՞ւ, եզդիներն իրենց հույսը դրել էին Իրաքի հյուսիսում գտնվող ինչ-որ կառավարության վրա. «բայց մեր պատմությունը մեզ հուշում էր և պիտի համոզեր, որ մեր հույսը պետք է մեզ վրա դնեինք, ոչ թե ինչ-որ մի կառավարության, ինքնավարության, որը պատմության ընթացքում որևէ դրական բան չի արել մեզ համար»։

Բանախոսը կատարվածի հիմնական մեղավոր է համարում եզդիներին։ Նրա խոսքով՝ այսօր եզդիական աշխարհը, ցավոք, բաժանվել է 2-3 մասի, որն ավելի մեծ ողբերգություն է։

«Այս ցավը տեսնելով՝ էլի որոշ եզդիական ուժեր կողմնորոշվում են դեպի այն ուժերը, որոնցից իրենք տուժել են։ Այսքանից հետո էլի՞ չասել, որ մենք եզդի ենք ազգությամբ։ Այսօր մեծ երկպառակություն կա եզդի ժողովրդի մեջ, որի մի մասը չի ընդունում մեր առանձին ժողովուրդ, առանձին ազգ լինելը։ Մեծագույն ցավերից մեկը մեր ժողովրդի համար այն է, որ կա երկպառակություն, համախմբվածություն, միասնականություն չկա»,- ասաց պարոն Թամոյանը։

Նա առանձնացրեց իրենց համայնքի ներսի խնդիրներից, իր կարծիքով՝ մեծագույնը. «Ես մեզ նման ժողովրդի փրկությունը որոնում ու փնտրում եմ կրթության մեջ։ Եզդիներն անտարբեր են կրթության նկատմամբ։ Եթե ուզում ես, որ ժողովուրդը փրկվի, պետք է կրթվի»։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս