«Մեր դիվանագիտության մեջ 25 տարվա ընթացքում երկու մեծ վրիպում է եղել». Արման Նավասարդյան
«Մեր դիվանագիտության մեջ 25 տարվա ընթացքում, իմ կարծիքով, երկու մեծ վրիպում է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Առաջին վրիպումը, ըստ նրա, այն է, որ մենք Իսրայելին աչքաթող ենք արել և դեսպանատուն չենք բացել՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, իսկ երկրորդը՝ 1998 թվականից ղարաբաղյան կողմի՝ բանակցային գործընթացից դուրս մնալն է. «Եթե երկրորդը դժվար է շտկել, ապա առաջինը պետք է անպայմանորեն շտկել, որովհետև Իսրայելը շատ կարևոր երկիր է մեզ համար և՛ տարածաշրջանային առումով, և՛ որպես տերություն, որն այսօր կարողանում է իր համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ նույնիսկ կարելի է նախանձել»:
Հիշեցնենք, որ օրերս եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին, ով հայտարարեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում է գրանցվել»:
«Եթե նկատեցիք, դա տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի դեպքերից հետո, երբ ԱՄՆ-ը այնտեղ, փաստորեն, ստեղծեց երկրորդ ՆԱՏՕ-ն, որը որքան էլ պրոամերիկյան է, բոլոր դեպքերում դրա սուր ծայրերն ուղղված են նաև դեպի Իսրայելը: Որպեսզի չհայտնվի երկու թշնամական ուժերի արանքում, նկատի ունեմ՝ Իրան ու Սաուդյան Արաբիա, նա փորձում է հավասարակշռել այստեղ քաղաքականությունը, և հետաքրքիր է, որ Իսրայելն այն երկիրն է, որը մոտ հարաբերություներ ունի Բաքվի հետ:
Այստեղ հարց է ծագում՝ այս իրադրության մեջ մենք կարո՞ղ ենք նրանց հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Ես հավատացնում եմ ձեզ, որ անպայման այդպես կլինի, և այն, որ շահարկվում է, որ նրանք զենք են վաճառում, և դրա պատճառով մենք չենք կարող նրանց հետ նորմալ հարաբերություններ զարգացնել, անմիջապես հնչում է իրենց կողմից առաջարկները՝ «մենք ձեզ էլ զենք կվաճառենք, սա զուտ բիզնես է», ինչպես Ռուսաստանն է ասում: Նրանք պատրաստ են մեզ հետ բազմակողմանի հարաբերություներ զարգացնելու»,- նշեց Ա. Նավասարդյանը:
Ըստ նրա՝ Իսրայելն այն երկիրն է, որից մենք կարող ենք օգտվել մի շարք բնագավառներում. «Առաջինը՝ բարձր տեխնոլոգիաները և գիտությունը, որը գտնվում է շատ առաջատար դիրքերի վրա, իսրայելյան բժշությունը լավագույններից մեկն է ամբողջ աշխարհում: Մեզ հետ շփումների ժամանակ իսրայելցիներն ասում ու պնդում են, որ Հայաստանին կարող են հուշել և օգնել կազմակերպելու կանգնեցնել այս արտահոսքը մեր քաղաքացիների, թե ինչ ճանապարհով կարելի է դա անել: Շատ մեծ հաջողություններ ունեն իրենք այդ հարցում: Եթե մենք կարողանանք այդ ճանապարհով գնալ, կարծում եմ՝ շատ բաների կհասնենք»:
Ա. Նավասարդյանը նկատեց, որ հայ-իսրայելական հարաբերություններում շատ է շահարկվում մեր Եղեռնի խնդիրը. «Համառ կերպով իսրայելցիները պնդում են, որ Իսրայելը բացասական դեր չի խաղացել 1915 թվականին, իսկ մեր կողմից էլ կան քաղաքագետներ, որոնք Իսրայելի քաղաքականությունը հավասարեցնում են Թուրքիայի մակարդակին: Դա, կարծում եմ, այսօրվա դրությամբ չի բխում մեր շահերից: Կարող է՝ սրբապղծություն է իմ ասածը, բայց ամեն ինչ կապել Եղեռնի ճանաչման հետ ու դրա վրա կառուցել մեր արտաքին քաղաքականությունը…
Իհարկե, դա մեզ համար շատ կարևոր է, մեր ամենամեծ ցավն է, բայց կան պետականության խնդիրներ, որոնք մի քիչ ավելի բարձր են կանգնած, քան զգացողական հարցերը: Անշուշտ, ամեն ինչ պետք է անել: Ամբողջ մեր արտաքին քաղաքականությունը դնել 3 կետերի վրա՝ Եղեռն, հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղյան հակամարտություն, ճիշտ չէ, քանի որ միլիոն հարցեր կան, որոնք, եթե մենք չենք լուծում, այս հարցերն էլ են մնում ստվերի մեջ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: