«Մի նեղսրտեք». դատավորը՝ Սամվել Բաբայանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սանվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ Բացի Սամվել Բաբայանից՝ այս քրեական գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ևս 6 անձ՝ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները։ Վերջիններս եղբայրներ են։

Թեև այսօրվա դատական նիստին ներկա չէր ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը, ով դատարանին հայտնել էր, որ գտնվում է արձակուրդում, դատարանն ամբաստանյալի համաձայնությամբ անցավ նախապատրաստական փուլին՝ պարզաբանվեցին ամբաստանյալների իրավունքներն ու պարտականությունները, ճշտվեց նրանց ինքնությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց բացարկի և ինքնաբացարկի միջնորդությունների հարցին։ Դատավորն ամբաստանյալ Սամվել Բաբայանի ինքնությունը ճշտելիս ասաց, որ տրվող հարցերն ընդհանուր են, տրվում են բոլորին. «Դրանից մի նեղսրտեք»։

«Չէ, չեմ նեղսրտում»,- ասաց Սամվել Բաբայանը՝ պատասխանելով ինքնության ճշտման հետ կապված հարցերին։ Մասնավորապես, նա նշեց, որ նախկինում դատվածության հետ կապված խնդիր ունեցել է։ Դատավորի հարցին՝ ներմա՞մբ է ազատվել, Բաբայանը բացասական պատասխան տվեց. «Եթե իմ խոսքն եք լսում, ընդհանրապես հիվանդության պատճառով եմ ես դուրս եկել։ Բայց թե ինչ են ձևակերպել, դա արդեն մի այլ խնդիր է։ Այսօր որ այստեղ նստած եմ, սա էլ երկրորդ խնդիրն է»։

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելու պաշտպանական կողմի միջնորդությամբ գործի քննությունը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին։ Սամվել Բաբայանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք չե՞ն ուզում իմանալ՝ իրենց «երբ է ձեռք տալիս», որ նիստը տեղի ունենա։ Դատավորն ասաց, որ նիստ նշանակելն ինքնանպատակ չէ, նիստի օրն այնպես է նշանակում, որ այն կայանա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս