Բաժիններ՝

«Մարդ կա՝ ծիրանանոց ունի, միակ հույսը ծիրանն է, վաճառի, փող շինի, գնորդն էլ միանգամից գինը գցում է». Սարգիս Սեդրակյան

Ամռան այս շոգ եղանակին ֆերմերների առջև ծառացած ամենաառաջնային խնդիրը ջրի խնդիրն է: 168.am-ի հետ զրույցում «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանն ասաց, որ շատ տեղերում դժգոհում են, որ ջուրը լավ չեն տալիս, չորանում է բերքը, առանց այն էլ՝ արևն ուժեղ այրում է, իսկ ջուրը պետք է վերականգնի, պահպանի բերքը:

«Տարբեր տեղերից հասել են բողոքներ ջրի խնդրի հետ կապված՝ Արմավիրի մարզից, Արարատի մարզից… Բացի այդ՝ այս տարի շատ բերք է եղել: Գյուղացին սենց է՝ որ շատ բերք է լինում, դժգոհում է, որովհետև այդ բերքն էժան է ծախվում, եթե քիչ է լինում, դժգոհում է, որ քիչ է, բայց թանկ է ծախվում: Այսօր բոլորից շատ գյուղացիները սպասում են այդ հայտարարված 5 տոկոսանոց վարկերին: Դուք հիշում եք, վարկերի 8+6-ը: Ես բազմաթիվ գյուղացիների հարցում արեցի, լիքը դժգոհողներ կային, որոնք ասում էին՝ մենք չստացանք այդ վարկերից: Ես համոզված եմ, որ վաղն այս 5 տոկոսանոց վարկերի հետ կապված էլ ուժեղ դժգոհություններ կլինեն գյուղերից, ու շատերը չեն կարողանա ստանալ այդ վարկերից: Այսպես ասած, իրենց մարդկանց կտան»,- նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ բերքի, հատկապես՝ ծիրանի իրացման հետ կապված, այս տարի ի՞նչ խնդիրներ ունեն գյուղացիները, Ս. Սեդրակյանն այսպես պատասխանեց. «Խնդիրները միշտ լինում են, բավականին ծիրան տարել են: Եթե Գյուղատնտեսության նախարարության տվյալներին հավատանք, այս տարի ամենաշատ ծիրանն է արտահանվել Ռուսաստան: Բայց նման մի բան կա՝ նայում են ծիրանին, կարող է՝ մի հատ կետ լինի կամ կարկուտից վնասված, և այլն, գինը միանգամից գցում են, ու գյուղացիները դժգոհում են: Պետք է անպայման գեղեցիկ ծիրանը ջոկեն, որ արտահանեն: Գյուղացին փորձում է թանկ գնով վաճառի, որովհետև բավականին ծախս է դրել դրա վրա: Մարդ կա՝ ծիրանանոց ունի, միակ հույսը ծիրանն է, վաճառի, փող շինի, գնորդն էլ միանգամից գինը գցում է, էժան գնով է տանում: Դա էլ նենց ապրանք է, որ շուտ է փչանում, ստիպված տալիս են, ու գյուղացիներից շատերը վարկեր են վերցրել ու պետք է ծիրանը վաճառեն, որ վարկերը փակեն, ստիպված էժանով տալիս են»:

Ս. Սեդրակյանը նկատեց, որ անցյալ տարվա համեմատ՝ այս տարի ծիրանն ավելի էժան է, որովհետև բերքը բավականին շատ է, իսկ անցյալ տարի այսպես շատ բերք չկար:

Մեր ճշտող հարցին, թե՝ ստացվում է՝ եթե ավելի քիչ է բերքը, ավելի ձեռնտո՞ւ է գյուղացու համար, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Գյուղացու համար ձեռնտու է այնքանով, որ համեմատած քիչ կչարչարվի ու թանկ կվաճառի, բայց կարող է ընդհանրապես բերքի դեֆիցիտ լինի, որ ընդհանրապես դժգոհ մնա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս