Բաժիններ՝

«Նախորդ տարվա համեմատ՝ նվազել է մշտական բնակչության թվաքանակը». Կարինե Կույումջյան

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշները՝ այսօրվա ասուլիսում նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազել է մշտական բնակչության թվաքանակը, ինչը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, մահացության դեպքերի աճով: Նրա փոխանցմամբ՝ մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2.979.900, իսկ նախորդ տարի հուլիսին կազմել էր 2.995.100:

Կարինե Կույումջյանի պնդմամբ՝ բնակչության թվաքանակի փոփոխությունը կազմված է երկու բաղադրիչներից՝ բնական և մեխանիկական: Բնականը վերաբերում է ծնունդներին և մահերին: Նրա խոսքով՝ 2017 թվականին բնական հավելաճի նվազում է նկատվել:

«Այս 6 ամիսների ընթացքում ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն՝ կազմել է 2.460 մարդ՝ 1.7 պրոմիլ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով: Իսկ նախորդ տարի եղել է 4.000 մարդ:  Եթե բնական հավելաճը քիչ ավելի շատ լիներ, միգրացիայի ցուցանիշի ազդեցությունը բնակչության վրա ավելի քիչ կլիներ»,- նկատեց բանախոսը:

Կարինե Կույումջյանի խոսքով՝ ծնունդները 6.5 պրոմիլով նվազել են: Իսկ մահացությունն ավելացել է 306 դեպքով: Ծնելիության դեպքերը նվազել են գրեթե բոլոր մարզերում: Բանախոսի հաղորդմամբ՝ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում՝ 9.3 պրոմիլ, իսկ ամենաբարձր ցուցանիշը՝ Երևանում ՝ 12.8 պրոմիլ, որը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը: Արագածոտնի և Կոտայքի մարզերում ծնելիության ցուցանիշը 12.1 պրոմիլ է կազմել:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա, Կարինե Կույումջյանի փոխանցմամբ՝ մահացության ամենացածր ցուցանիշը կազմել է 8.7 պրոմիլ Երևանում, իսկ Գեղարքունիքի մարզում կազմել է 8.8 պրոմիլ:

Բանախոսի խոսքով՝ մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում՝ 14 պրոմիլ՝ 1000 բնակչի հաշվով: Վայոց ձորում մահացության ցուցանիշը կազմել է 12.1 պրոմիլ, Շիրակի մարզում՝ 11.8 պրոմիլ, Տավուշի մարզում՝ 117 պրոմիլ:

Խոսելով բնական հավելաճի մասին՝ բանախոսն ասաց.

«Լոռու մարզում մահվան դեպքերը ծնելիության դեպքերին գերազանցել են 2.6 պրոմիլով, Շիրակում՝ 1.4 պրոմիլով, Վայոց ձորի և Տավուշի մարզերում՝ 1 պրոմիլով: Մնացած մարզերում կա բնական հավելաճի երևույթ:  Այսինքն՝ ծնելիության դեպքերը գերազանցում են մահվան դեպքերին: Բնական հավելաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 4.1 պրոմիլ»:

Բանախոսը նշեց մահացության հիմնական պատճառները.
14.709 դեպքերից  8425-ն արյան շրջանառության համակարգի հիվանդություններով պայմանավորված մահացության դեպքերն են: Հաջորդը՝ նորագոյացություններով պայմանավորված դեպքերն են՝ շուրջ 2756 դեպք: Գրանցվել է շնչառական օրգանների հիվանդությունների 1013 դեպք, մարսողական օրգանների՝ 867 դեպք, իսկ 487 մարդ մահացել է դժբախտ պատահարների, թունավորումների պատճառով:

Կարինե Կույումջյանը խոսելով աղջիկ-տղա հարաբերակցության մասին՝ ասաց, որ 6 ամսվա ցուցանիշներով 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա: Նա նաև նշեց այն անունները, որոնցով կոչում են նոր ծնված երեխաներին:

Աղջիկների անունների առաջին տասնյակում են հետևյալ անունները՝ Մարիա, Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ, Անգելինա, Էլեն, Միլենա:

Տղաների անունների առաջին տասնյակը հետևյալն է՝ Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Մարկ, Սամվել, Արամ, Արթուր:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս