Բաժիններ՝

«Հայաստան ներկրվող արևային վահանակները որակյալ են». Հայկ Հարությունյան

Չինաստանից Հայաստան ներկրվող արևային վահանակները որակյալ են, և վտանգ չկա, որ 3-4 տարի անց դրանք շարքից դուրս կգան: Նման հավաստիացում 168.am-ի հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` հակադարձելով էներգետիկ ոլորտի անկախ փորձագետների մտահոգություններին, որ ներկրվում են ամենաէժան ու անորակ վահանակները, որի պատճառով վերականգնվող էներգետիկայում մասսայական ֆոտովոլտային կայանների տեղադրումը 3-4 տարի անց կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:

«Աշխարհի 70%-ը գնում է Չինաստանից, այդ պանելներն ունեն 35 տարվա կյանք, և միանշանակ համաձայն չեմ, որ 3-4 տարուց շարքից դուրս կգան: Իհարկե, կան ոչ որակյալ վահանակներ շուկայում, չինական կա շատ լավը և կա շատ վատը, ինչպես ցանկացած երկրում: Բայց այստեղ կառուցվող առաջին համակարգային կայանների մեծ մասն իրականում չինական չեն էլ օգտագործում: Այսինքն` այն կարծիքը, որ անորակ են, բացարձակապես անհիմն է»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա` արևային վահանակներին ներկայացվող տեխնիկական պահանջներ կան, և, եթե ներկրվող ապրանքը համապատասխանում է դրանց, ապա նորմալ է: Հ.Հարությունյանի խոսքով` այստեղ նաև արտադրողի, ներդրողի խնդիրն է, որն ինքն է որոշում՝ ինչ կայան տեղադրի:

Անդրադառնալով մասնագետների պնդումներին, որ այսօր Հայաստանում չկա ավելի հրատապ խնդիր, քան Դեբեդ և Արաքս գետերի հիդրոպոտենցիալի օգտագործումը, Հ.Հարությունյանը նշեց, որ այդ ուղղությամբ ևս շարժ կա. «Ներդրողների ակումբի հետ համատեղ՝ իրականացվում է Դեբեդի վրա Շնող ՀԷԿ-ի ներդրումային ծրագիրը: Շատ բարդ ենթակառուցվածքային ծրագիր է, բավականին խոշոր ներդրում է պահանջվում` մոտ 200 մլն: Նման ՀԷԿ-ի կառուցումը 4-5 տարի է տևում, եթե գումարն ու մնացած ամեն ինչ առկա է: Այսինքն` լավագույն դեպքում՝ մենք այս ՀԷԿ-ը կտեսնենք 6-7 տարվա ընթացքում»:

Փոխնախարարի խոսքով` Դեբեդի վրա նաև Լոռի Բերդ ՀԷԿ-ի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, բայց այս դեպքում դեռ ամեն ինչ հստակեցված չէ:

Նշենք, որ ըստ Ներդրողների ակումբի կայքի տեղեկատվության՝ Շնող ՀԷԿ-ի կառուցման և շահագործման համար շինարարության ժամկետը 3 տարի է, ՀԷԿ-ի տեղակայված հզորությունը՝ 76 ՄՎտ, տարեկան մատակարարումը՝ 300 մլն կՎտժ,  ամորտիզացիոն ժամկետը՝ 50 տարի, ներդրման ընդհանուր ծավալը՝ 150 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի ներդրողների ակումբի մասնակցության մասնաբաժինը՝ 22.5 մլն ԱՄՆ դոլար, շահութաբերության ներքին տոկոսադրույքը (IRR)՝ 7.26%, ետգնման ժամկետը՝ 13 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս