Ուկրաինան Այվազովսկու 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել
Ուկրաինայի փոստային կապի «Ուկրփոստ» ազգային օպերատորը աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին գեղարվեստական փոստային նամականիշ է թողարկել: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Փոստային նամականիշը շրջանառության մեջ կմտնի 140 հազար օրինակով, իսկ գեղաթերթիկը՝ 36 հազար օրինակով: Նամականիշի և գեղաթերթիկի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է:
«Տաղանդավոր ծովանկարչին նվիրված փոստային նամականիշն անհրաժեշտ քայլ է պետության կողմից՝ հայ-ուկրաինական բարեկամության զարգացման գործում նրա ներդրման համար»,- նշել է ուկրաինացի պատմաբան Եվգենի Սաֆարյանսը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել հայտնի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Ուկրաինայի երևելի անձինք» շարքում՝ 35 հազար օրինակով:
«Մեծ նկարչի ծննդյան 200 ամյակի կապակցությամբ հուշադրամի և նամականիշի թողարկումը վառ ապացույցն է նրա, որ պետությունը գնահատում է Հովհաննես Այվազովսկու ներդրումը համաշխարհային գեղանկարչության գանձարանում: Դա ցույց է տալիս նաև հայկական և ուկրաինական մշակույթների փոխադարձ հարստացման ֆենոմենը»,- ասել է ուկրաինացի պատմաբան, տեսաբան Մաքսիմ Ցարենկոն: