«Էլ պատերազմը ո՞նց է լինում. Մնում է միայն՝ հրթիռներն օգտագործեն, դա էլ կանեն»». Գագիկ Սարուխանյան

«Արժանապատիվ ազատամարտիկ» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի համոզմամբ՝ լայնամասշտաբ պատերազմը զինադադարից հետո մինչ օրս չի վերջացել, քանի որ պատերազմի ժամանակ այնքան զինվոր է մահացել, ինչքան պատերազմի դադարից հետո:

«Եթե դիվանագիտական ու լրատվական ֆրոնտներում պատերազմ է, սահմանագծին պատերազմ է, էլ պատերազմը ո՞նց է լինում: Մնում է միայն՝ հրթիռներն օգտագործեն, դա էլ կանեն»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նրա պնդմամբ՝ ներկայումս մեր երկրում խնդիրներն այնքան շատ են, որ կարծես ձնագնդի սարքված լինի, չես հասկանում՝ ինչպե՞ս սկսել և որտեղի՞ց սկսել:

Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ պատերազմը դեռ չի ավարտվել, շարունակվում է. «Միայն իշխանավորներին է թվում, որ ավարտվել է, դրա համար էլ տարված են իրենց անձնական գործերով և երկիրը թալանում են»:

«Արժանապատիվ ազատամարտիկ» հ/կ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չբացառեց պատերազմի վերսկսման հավանականությունը, քանի որ, ըստ նրա՝ ՀՀ-ի վարած քաղաքականությունը պարտվողական է:

«Մեր իշխանությունները ոչինչ չեն արել, որ տարածք չտան: Նրանք միայն թուլացրել են, քանդել են մեր պետությունը: Իրենց արած ամեն քայլով ապացուցում են, որ ցանկանում են Արցախը հետ տալ, նույնիսկ՝ Հայաստանը»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Գագիկ Սարուխանյանը նշեց, որ ստեղծվել է «Արժանապատիվ ազատամարտիկների» հիմնադրամ՝ ընդգծելով, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունը՝ համալրելով «Արժանապատիվ ազատամարտիկ» հ/կ-ի աշխատանքը:

«Մենք առաջարկել ենք, որ ազատամարտիկներին տանեն առաջնագիծ: Բայց ի՞նչ են անում իրենք. տանում են 18 տարեկան երեխաներին, դնում են առաջին գիծ, իսկ մեր ազատամարտիկներին, ովքեր զենք կիրառելու մեծ փորձ ունեն, ասում էին՝ գնա, կանգնի ստայանկեն, փող աշխատի»:

Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ Ազգային ժողովում ոչ մի կուսակցություն չկա, որ ազգանպաստ գործունեություն ծավալի: Նա նաև ժողովրդին կոչ արեց համախմբել ամբողջ ուժերը, քանի որ շատ մոտ է այն կրիտիկական կետը, որտեղից հետադարձի ճանապարհ չի լինելու:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս