«Ամեն ինչ մեր ձեռքերում է.Դա չի նշանակում, որ մնացած հայկական զորքերն ունենալու են ինչ-որ այլ վիճակներ». Թևան Պողոսյանը՝ հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին

Ինչպես հայտնի է, օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում:

168.am-ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը պարզաբանեց, թե քանի որ Ռուսաստանն ունի ռազմաբազա և համապատասխան պայմանավորվածություններ ու պարտականություններ, նաև ապահովելու սահմանի անվտանգությունը Հայաստանի՝ առնվազն հայ-թուրքական և հայ-պարսկական մասում, սա իրենց գործողությունները կարգավորող փաստաթուղթն է, թե ինչպես են աշխատանքները կարգավորվելու, ինչպես է այդ ամբողջն օրենքի սահմաններում աշխատելու:

«Այնտեղ կար յուրահատուկ մի բան, որ շատ ժամանակ, եթե ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում, ինչպես էին համագործակցելու այդ միավորված զորքերը՝ այն իմաստով, որ Ռուսաստանը նաև կարող էր արդեն իսկ իր տարածքի զորատեսակներն օգտագործել: Հիմա դա կարգավորվելու է: Այդ ամենը նախկինում գործում էր պայմանավորվածությունների համաձայն, հիմա համաձայնագրի մակարդակի է ամրագրվել, որ այլևս այդ նույն համաձայնագրով կկարգավորվեն բոլոր խնդիրները»,- նշեց Թ. Պողոսյանը:

Մեր այն հարցին, թե՝ այս համաձայնագրի ստորագրումը դրակա՞ն քայլ եք համարում, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Դրական կլինի, եթե մերոնք օգտագործեն բոլոր կետերը և իրենց հնարավորությունները կարողանան ճիշտ ձևով ներկայացնել՝ հասկանալով, թե դրանից ինչպես կարելի է օգուտ քաղել Հայաստանի Հանրապետությունում: Այն չպետք է դառնա հերթական մի թուղթը, որտեղ կան նկարագրված հնարավորություններ, բայց դրանք չեն օգտագործվում: Ունենք շատ լավ տեքստեր մեր օրենքներում, բայց որոնք կյանքի չեն կոչվում: Նույն իրավիճակն է: Ամեն ինչ մեր ձեռքերում է: Դա չի նշանակում, որ մնացած հայկական զորքերն ունենալու են ինչ-որ այլ վիճակներ, ընդամենն այդ միավորված զորախմբի խնդիրն է նկարագրում, մնացած բոլոր հայկական զորքերը ՀՀ-ի սեփականությունն են, բոլորը ֆինանսավորվում են ՀՀ քաղաքացիների հարկերով, և ամեն ինչ գալիս է մեզնից, թե մենք ինչ պատրաստվածության մակարդակ ենք ունենալու մեր զորքերում»:

Տեսանյութեր

Լրահոս