Բաժիններ՝

Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել. Կարեն Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան և Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: Վահե Հակոբյանի խոսքով՝ մարզի համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են մոտ 4.7 մլրդ դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` մոտ 1.6 մլրդ. դրամ։ Վեցամսյա ժամանակահատվածում նախատեսված 614.7 մլն դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 697.5 մլն դրամ, կամ նախատեսվածի 113.5 տոկոսը։ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ հավաքագրվել է 10.2 մլն դրամով ավելի գումար, սեփական եկամուտների աճը կազմել է 17.2 տոկոս։ Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են շուրջ 6.9 մլրդ դրամի համաշինարարական աշխատանքներ, որոնց 23.8 տոկոսը կատարվել է պետական բյուջեի, իսկ 76.2 տոկոսը՝ ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Դոնոր կազմակերպությունները գյուղատնտեսության ոլորտում իրականացրել են ավելի քան 2.3 մլրդ ներդրումային ծրագրեր ֆերմերային տնտեսություններին աջակցության, ներտնտեսային ոռոգման ցանցի և ջրամատակարարման համակարգի վերակառուցման նպատակով: Զեկուցվել է, որ 2017թ. հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է 294,2 մլն դրամ, որի շրջանակում շինարարական աշխատանքներ են տարվում մարզի Կապան, Սիսիան, Սպանդարյան, Արավուս, Մեղրի համայնքներում: Նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացվել են ավելի քան 24.5 մլրդ դրամի ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրեր` ընդգրկելով մարզի գրեթե բոլոր համայնքները:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ բացի մարզերի անձնագրերով ներկայացված հայտանիշերից, առաջիկայում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացնելու է 11 հայտանիշ, որոնց միջոցով տվյալ մարզում արձանագրված ցուցանիշների հիման վրա գնահատվելու է մարզպետարանի աշխատանքը, մարզում առկա ընդհանուր իրավիճակը և այն համեմատվելու է այլ մարզերի ցուցանիշների հետ: Վարչապետն ընդգծել է, որ ներկա դրությամբ մարզերի և նույն հնարավորություններն ունեցող համայնքների միջև առկա են ֆինանսական և այլ անհամաչափություններ: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների թվայնացումն ու գույքագրումը և ավելացրել, որ թվերը լինելու են հետագա գործունեության ուղեցույց: «Շատ հավանական է, որ տվյալ համայնքապետը նույնիսկ չգիտի, որ հանրապետությունում, օրինակ, աղբահանության միջին վճարը 200 դրամ է, ինչը մեկ շնչի նկատմամբ մեծ թիվ չի կազմում, սակայն դրա դիմաց մատուցվում է սկզբունքորեն որակյալ այլ ծառայություն: Վստահ եմ, որ ունենք ավելորդ ծախսերի մեծ ծավալ կամ ավելի որակյալ ծառայությունների մատուցման մեծ ներուժ: Դուք ունեք բավականին լուրջ ռեսուրսներ, որոնք կարող եք շատ ավելի նպատակային կառավարել: Օպտիմալացմամբ որևէ մեկը միջոցներ կրճատելու խնդիր չի դնում, բայց տեսնում ենք նաև, որ առօրյայում կառավարման մեջ ունենք բազմաթիվ ոչ հետևողական և ոչ համակարգված աշխատանք»,- դիմելով համայնքապետերին՝ ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է. «Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ իր թիվ մեկ խնդիրը ներդրում ներգրավելն է, աշխատատեղ ստեղծելը, քանի որ սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխության առաջնային ցուցանիշը հենց դա է: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է փորձել կապեր ստեղծել այն մարդկանց հետ, որոնք դուրս են եկել սյունյաց աշխարհից և հաջողությունների հասել. նկատի ունեմ ոչ միայն գործարարներին, այլ նաև բժիշկներին, գիտնականներին, տնտեսագետներին, ներդրողներին, լրագրողներին»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պետք է հստակ պատկերացնել ներքին կապիտալը, առկա ներուժը, այն ակտիվացնելու ուղղությամբ հետևողական քայլեր կատարել և ներդրումային հնարավորությունները պատշաճ ներկայացնել ներդրողներին: Վարչապետն ընդգծել է, որ Սյունիքում առկա է զարգացման մեծ ներուժ, կառավարությունը հետևողականորեն առաջ է մղում Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը: «Ձևավորելու ենք հետաքրքիր միջավայր, որի շրջանակում մարզի համայնքների համար կստեղծվեն Իրանի հետ համագործակցության մեծ հնարավորություններ», – ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետին զեկուցվել են Սյունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության կազմակերպման սակագները՝ տարբեր սուբյեկտների համար սահմանելով համապատասխան չափանիշներ:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ մարզում առկա է 20 հազար գյուղացիական տնտեսություն, որից 2 հազար 700-ը ֆերմերային է: 43 հազար վարելահողերից մշակվում է 85 տոկոսը: Նշվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ: Արդեն իսկ քննարկվում է նման 10 հայտ: Ընթացքի մեջ է 650 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման ծրագիրը՝ նախատեսված Սիսիանի տարածաշրջանի համար:

Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և մարզպետին հանձնարարել ներկայացնել մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով համալրելու ամբողջական ներդրումային ծրագիր: Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի զարգացմանը: Վարչապետն առաջարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ մանրամասն քննարկել առկա խնդիրները և գտնել ոռոգման խնդրի կարգավորման լուծումներ: Գործադիրի ղեկավարն ավելացրել է նաև, որ գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 7 ծրագիր, որոնց միջոցով այս ոլորտում արդյունավետությունը կտրուկ փոխվելու է:

Զեկուցվել է նաև, որ մարզի առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Նշվել է, որ դրական միտումը հիմնականում պայմանավորված է բժշկական կենտրոնների կառավարման համակարգի արդիականացմամբ:

Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարևոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է և մթնոլորտը, և միջավայրը», – շեշտել է Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել նաև տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր, որոնք կքննարկվեն կառավարությունում և կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ կատարվող ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս