600-700 դիմումներ ՄԻԵԴ-ում Ադրբեջանից՝ ընդդեմ Հայաստանի. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր, Հայաստանի ներկայացուցիչ, 2014 թվականից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը օրերս մեր թերթին տված հարցազրույցում խոսել էր նաև Ադրբեջանից ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի մասին։ Նա բացատրել էր, թե ինչ չափանիշներից ելնելով է ՄԻԵԴ-ը քննություն իրականացնում նման դեպքերում և ինչու է հօգուտ Ադրբեջանի կայացնում վճիռներ։
Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանը քանի հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է դրանցից բավարարվել իր՝ ՄԻԵԴ դատավոր աշխատելու ընթացքում։ Մեզ հետաքրքրում էր նաև, թե այդ հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել պետբյուջեից։
Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իր՝ ՄԻԵԴ-ի դատավոր լինելու շրջանում Ադրբեջանը, որպես պետություն, Հայաստանի դեմ որևէ հայց չի ներկայացրել։ «600-700 դիմումներ ներկայացրել էին Արցախի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքներից հեռացած ադրբեջանցիները։ Այդ գործերից քննվել է ընդամենը մեկ գործ՝ Չիրագովը և մյուսներն ընդդեմ ՀՀ-ի, որով ՄԻԵԴ-ը որոշեց, որ այդ տարածքի նկատմամբ իրավազորություններ է իրականացնում նաև ՀՀ-ն և հնարավորություն չընձեռելով տեղահանված անձանց վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, խախտել է նրանց սեփականության իրավունքը, անձնական կյանքին չմիջամտելու, ինչպես նաև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել մեր պետբյուջեից, ապա Ալվինա Գյուլումյանը պատասխանեց․ «Այդ գործով վնասի փոխհատուցման հարցը դեռևս չի լուծվել, քանի որ գործով վճիռը կայացնելու պահին այդ հարցը դեռ չէր քննարկվել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։