Մանուկ Սիմոնյանի սպանության վարկածները հակասական են. մանրամասներ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դեպքերի զարմանալի բերումով, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը վերջերս ճաշկերույթի էր մասնակցել մտերմիկ շրջանում։ Քեֆի ժամանակ նրա բարեկամներից մեկը հեղինակային երգ է նվիրել ներկաներին՝ տխուր բառերով. «Նույնն է լուսին ու արև, բայց ես արդեն չկամ, ես ձեզ հաճախ կհանդիպեմ մեր քարքարոտ ճանապարհին և վերևից ձեզ կնայեմ՝ հավասարված մի բուռ հողի»։ Այս երգի տեսագրությունը մահից 10 օր առաջ հանգուցյալը տեղադրել էր իր ՖԲ էջին։
Խորհրդականը ծեծո՞ւմ էր կնոջը
Արմավիրի մարզպետի խորհրդական, Սարդարապատ գյուղի բնակիչ Մանուկ Սիմոնյանի մարմինը հուլիսի 25-ին հայտնաբերել էին Դալարիկ գյուղի մոտակա ձորում, մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Դրանից 4 օր առաջ՝ հուլիսի 21-ից, խորհրդականը կորած էր։ Այս մասին ոստիկանությանը հաղորդել էր նրա կինը, որն այժմ որդու հետ ձերբակալված է և կասկածվում է ամուսնուն կացնահարելու մեջ։ Նա հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Անմիջապես լուր տարածվեց, որ Մանուկ Սիմոնյանն անելանելի լարված վիճակ է ստեղծել իր ընտանիքում, ինչի արդյունքում էլ սպանության զոհ է դարձել։ Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան և կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է նրան և կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։
Երեկ բռնությունների վարկածը հաստատեց նաև Քննչական կոմիտեն։ «2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա՝ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում»: Սարսափելի այս դեպքն արդեն 7 օր է՝ մնում է ԶԼՄ-ների առաջին էջերում։ Պաշտոնյանի կացնահարված մարմինը գտել են 3 օր հետո։ Գլխին մեծ քար է դրված եղել։
Դրդապատճառը խա՞նդն է
Սարդարապատում հակառակ կարծիքն էլ կա՝ որ Մանուկ Սիմոնյանն ընտանիքի հետ չէր ապրում, գյուղում չէր մնում, հազվադեպ էր գալիս Սարդարապատ։ Նա այլ կապեր էր ձեռք բերել ընտանիքից դուրս, որոնց ընտանիքի անդամները դեմ էին։ Հենց սա է, ըստ կարծիքների, վեճերի պատճառը։ Նույնիսկ վարկած տարածվեց, թե սպանողը խորհրդականի ընկերուհիներից մեկի ամուսինն է, իսկ դրդապատճառը խանդն էր։
Խորհրդականի որդու ձերբակալությունից հետո այս լուրերը «փչվեցին»։ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը նման չէ մարդասպանի։ Նա ԵՊՀ շրջանավարտ է, ըստ նրա կուրսեցիների՝ խելացի և զարգացած երիտասարդ է։ Նա նաև գրանցված էր որպես armavir.am կայքի խմբագիր, որտեղ իր սիրած ՏՏ ոլորտի նորություններ է տեղադրել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։