Բաժիններ՝

Արցախը Եվրոպային ճանաչելի դարձնելու նպատակով մենք լայն գործունեություն ենք ծավալում. Շահնուր Մինասյան

Արցախը Եվրոպային ճանաչելի դարձնելու նպատակով մենք լայն գործունեություն ենք ծավալում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը:

Նախաձեռնության նախապատրաստական աշխատանքներն սկսվել են դեռևս փետրվարին. պատրաստել ենք նամակներ՝ ուղղված եվրոպական բոլոր կառույցներին: Ի պաշտպանություն Արցախի՝ հունիսի 7-ից սկսվել է ստորագրահավաք, կազմակերպվել մամլո ասուլիս և հանրային քննարկում՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին՝ Արցախի ժողովրդին ևս ներգրավելու համար:

«Ուզում ենք այնպես անել, որ Արցախը չասոցացվի, որպես միայն պատերազմական գոտու հետ, այլ Եվրոպայում էլ իմանան արցախցու մասին, որպես արարող ու ստեղծարար ժողովրդի, ճանաչեն Արցախը, որպես կայացած երկիր, ուր կյանքը հոսում է բնական հունով, դեպի Արցախ զբոսաշրջիկների մեծ հոսք կա,-ասել է Շ. Մինասյանը և շարունակել,-իբրև Եվրոպայի քաղաքացիներ՝ մենք գիտենք, որ այստեղ կան հիմնադրամներ, այլևայլ միջոցներ, որոնք ուղղվում են չճանաչված պետությունների համագործակցության զարգացմանը: Երբ հետաքրքրվեցինք, իմացանք, որ այդ միջոցներից և ոչ մի լումա Արցախին չի տրամադրվում: Ոչ մի եվրոպական հասարակական կառույց կապ չունի Արցախի հետ: Ճիշտ է, այս գործում քիչ դեր չի խաղացել նաև Ադրբեջանի «սեւ ցուցակի» գործոնը (և ոչ միայն դա): Մեր սկսած ստորագրահավաքին արդեն երկու հազարից ավելի եվրոպացի է միացել, որոնցից մոտ վաթսունը հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ են: Մենք պատրաստում ենք տեքստ, որը պետք է ներկայացվի բոլոր այն կառույցներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Արցախի ծրագրերին:

Ի դեպ, ստորագրահավաքին կարող են միանալ Արցախի և Հայաստանի բնակիչները ևս»:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ կտա Արցախի ներգրավվածությունը Եվրոպայի կառույցներին Շահնուր Մինասյանը նաև նշել է. «Ամենակարևորը ԵՄ-ն կօգնի Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության կարիքների բավարարմանը, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս