Բաժիններ՝

«Վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ»

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության (ՍԱՊԾ) բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը ներկայացնելով բուսասանիտարիայի բնագավառում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ 6 ամիսներին իրականացրած աշխատանքները՝ ասաց, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել. մասնավորապես՝ այս տարի մեծ ուշադրություն է դարձվել մոնիտորինգի աշխատանքներին, որոնք ընդգրկում են հանրապետության ամբողջ տարածքը: Նրա խոսքով՝ նախատեսվում է մինչև տարվա վերջ վերցնել 6000 փորձանմուշ և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ հայտնաբերելու նպատակով բույսերի հիվանդություններն ու վնասատուները:

«Այս պահի դրությամբ փորձաքննություն է իրականացվել 3000 նմուշի, որի արդյունքներով այն հողատարածքներում, որտեղ հայտնաբերվել են բույսերի վնասատուներ և հիվանդություններ, հողատերերին տրվել է մասնագիտական խորհրդատվություն: Երբ կավարտվեն մոնիտորինգի աշխատանքները, մենք կկազմենք մեր երկրի բուսասանիտարական վիճակի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ գոտիականության, և կուղարկենք բոլոր առևտրային գործընկեր երկրներին՝ նպաստելով  արտահանման գործընթացի կազմակերպմանը»,- ասաց Արթուր Նիկոյանը:

Անդրադառնալով ջերմոցային տնտեսությանը՝ բանախոսը նշեց, որ ներկայումս ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում ջերմատնային տնտեսություններին, որտեղ վնասակար օրգանիզմները հայտնաբերելու, դրանց դեմ պայքարի համար օգտագործվող թունաքիմիկատները և սահմանված չափաքանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել:

Արթուր Նիկոյանի հաղորդմամբ՝ 2017 թվականի ընթացքում գրանցվել է 100-ից ավելի պեստիցիդ և ագրոքիմիկատ, բացի դրանից՝ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ. միայն լաբորատոր փորձաքննության արդյունքով է թույլատրվել նշված ապրանքատեսակները ներմուծել հանրապետություն:

Նրա խոսքով՝ այս գործողությունները հնարավորություն են ստեղծում բացառել անորակ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներկրումը մեր երկիր, որն իր հերթին՝ պաշտպանում է հողօգտագործողներին տնտեսական կորուստներից և նվազագույնի հասցնում հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:

Արթուր Նիկոյանը նաև նշեց, որ պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում իրացման փուլում: Վերջինիս խոսքով՝ սրա նպատակն է՝ հայտնաբերել ժամկետանց, անորակ, չգրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքը:

«5 օր է, ինչ սկսել ենք այդ գործողությունները, բայց արդեն ունենք խախտումներ, ապրանքների կասեցումներ, ինչպես նաև օրենսդրությանը չհամապատասխանող խախտումներ: Այն ապրանքների համար, որոնց թերությունները շտկելի են, մեր կողմից տրվում է խորհրդատվություն և հնարավորություն դրանք շտկելու»,- հավելեց բանախոսը:

Արթուր Նիկոյանի դիտարկմամբ՝ ծառայությունը, ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա, քայլեր է ձեռնարկել արտահանման վարչարարության նվազեցման և արտահանվող պտուղ-բանջարեղենի սերտիֆիկացման ժամանակահատվածի կրճատման նպատակով: Արդյունքում՝ ՀՀ-ից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի բուսասանիտարական զննումը և արտահանման հավաստագրի տրամադրումն իրականացվում է ընդամենը 20 րոպեում:

Նա նաև նշեց, որ կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքն իրականացնել նաև կրպակային ձևով՝ առավել տեսանելի ու վերահսկելի դարձնելով վաճառքը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս