Բաժիններ՝

«Շատ ճիշտ են անում, որ փակում են ճանապարհը». Բնապահպան

«Շատ ճիշտ են անում, որ փակում են ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով վերջին օրերին Արդվի գյուղի բնակիչների կողմից իրականացվող բողոքի ակցիաների մասին:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչներն օրերս փակել էին իրենց գյուղ տանող ճանապարհը ոսկու հանքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնող ընկերության ներկայացուցիչների առաջ։ Նշենք, որ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020 թվականներին  նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: «Միռամ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:

Կ. Դանիելյանի դիտարկմամբ՝ առհասարակ Հայաստանի՝ հումքային կցորդ երկիր դառնալու մոտեցումը բացարձակ վտանգավոր և վնասակար է. «Դա մեր ռեֆորմների արդյունքն էր: Չեն նայում՝ կողքը բնակավայր կա՞, թե՞ չկա, ջրային ռեսուրսների ձևավորման տարածք է, պահպանվող տարածք է, որտեղ ինչ գտնում են, սկսում են քանդել: Սրանով Հայաստանը հիմքից կտրում են ուղղակի՝ էկոլոգիական առումով, նաև տնտեսական առումով»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ կառավարության առաջարկած առաջնայնություններն են տուրիզմի զարգացումը, մաքուր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Ըստ նրա՝ անհնար է այս փոքր տարածքում այդ երեքը միավորել. «Հանքարդյունաբերությունը հիմքից կտրում է տուրիզմի զարգացումը և հիմքից կտրում է մաքուր գյուղատնտեսությունը: Բավականին ուսումնասիրություններ կան գիտական հիմնարկների կողմից, թե ինչ աստիճանի են այդ բացհանքերն աղտոտում շրջակա միջավայրը ծանր մետաղներով: Տեսաք՝ Թեղուտում ինչ եղավ, մարդիկ կոպեկներով վաճառեցին իրենց այգիները, բանջարաբոստանային այդ տարածքները, իսկ հիմա ոչ այնտեղ աշխատանք ունեն, ոչ հնարավորություն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու»:

Բնապահպանի խոսքով՝ այս պահին Հայաստանում ամենառիսկային, խոցելի գոտին հենց Լոռին է. «Եթե նայեք առողջապահական տվյալները, դարձյալ Լոռին ամենախոցելին է, և այդտեղ նորից հանք բացել ուղղակի չի կարելի, շատ ճիշտ են անում, որ փակում են ճանապարհը: Լոռին այնքան է հագեցած էկոլոգիական բացասական երևույթներով, որ նոր օջախ ստեղծելն ուղղակի սխալ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս