«Ըմբռնումով ենք մոտենում. նրանք ինքնադրսևորվելու այլ հնարավորություն չունեն». Դավիթ Խաժակյանը՝ Զարուհի Փոստանջյանի որակումների մասին
«Մենք մինչ այժմ էլ աշխատում ենք՝ որպես ընդդիմադիր խմբակցություն, միայնակ, իմ գնահատմամբ՝ եթե նայենք կատարված աշխատանքի և արդյունքի իմաստով, ապա մենք աշխատում ենք՝ ի տարբերություն «Երկիր Ծիրանի» խմբակցության»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ խոսելով ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարության մասին, որ իրենք համագործակցության որևէ եզր չեն տեսնում «Ելքի» հետ:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանն ասել էր, որ քաղաքական դաշտում իրենք գործընկերներ չունեն: Ըստ նրա՝ բացի իրենցից, բոլորը սպասարկում են գործող համակարգին և Սերժ Սարգսյանին:
«Իր կողմից հնչեցրած որևէ քննադատություն այլևս ինձ չի զարմացնում, որքան էլ այն սուր լինի՝ հաշվի առնելով, որ իրենք պատրաստ են իրենց իսկ անդամներին ամենավերջին խոսքերով անվանարկելու: Մենք չենք զարմանում և շատ հաճախ նաև նրանց խոսքերը զավեշտով ենք ընդունում, որովհետև, եթե իրենք ունեին որևէ քաղաքական կշիռ, ապա այս ընթացքում հետևողականորեն այն փոշիացրեցին»,- նշեց Դ. Խաժակյանը:
Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր հասցեին նման որակումներ են հնչեցնում, Դ. Խաժակյանն այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իրենք ունակ չեն քաղաքային խնդիրներով զբաղվելու և դրանք լուծելու, բայց պետք է բուռն գործունեության իմիտացիա ցուցաբերել, և դա անում են՝ ի հաշիվ «Ելք» դաշինքի, որին ևս մենք ըմբռնումով ենք մոտենում՝ հաշվի առնելով, որ իրենք այլ հնարավորություն ինքնադրսևորվելու չունեն»: