Բաժիններ՝

«Չհաջողվեց հաղթել, բայց կարևորն այն է, որ վնասվածքներ չկան». Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:

Միացյալ Նահանգներում շարունակվում է ֆուտբոլային տոնն ի դեմս ամենամյա Չեմպիոների միջազգային գավաթի խաղարկությանը: Այն այս տարի հուլիս ամսին անցկացվել է Չինաստանում, Սինգապուրում և ԱՄՆ-ում: Միացյալ Նահանգներում այս տարի մրցաշարին մասնակցում են եվրոպական 8 բարձրաստիճան ֆուտբոլային ակումբներ, ներառյալ Ռեալ Մադրիդը, Փարիզ Սեն Ժերմենը, Բարսելոնան, Տոտենհեմը, Յուվենտուսը, Մանչեսթր Սիթին, Ռոման և Մանչեսթե Յունայթեդը:

Վերջին թիմի խաղերին հատկապես մեծ էր հայ ֆուտբոլասերների ուշադրությունը՝ կապված թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Գավաթի խաղերն անցկացվել են ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: «Մանչեսթր Յունայթեդ»-ը հանդիպումներ է ունեցել Կալիֆոռնիայում, Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքում, ինչպես նաև Վաշինգտոն մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Լենդովեր քաղաքի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում: Բացի գավաթի խաղարկությունից, ակումբն անցկացրել է մի քանի ընկերական հանդիպումներ ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» և «Ռեալ Սոլտ-Լեյք» ակումբների հետ:

Կարդացեք նաև

Վերջին խաղը թիմն անցկացրել էր իսպանական հայտնի Բարսելոնա ակումբի դեմ, ուր Հենրիխ Մխիթարյանի հետ մեկտեղ հանդես էին գալիս բազմաթիվ այլ ֆուտբոլային աստղեր ներառյալ Մեսին, Սուարեսը, Նեյմարը և այլոք: Մանչեսթր Յունայթեդը պարտվեց նվազագույն 1-0 հաշվով:

Խաղից հետո Մխիթարյանը հարցազրույց տվեց «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:

«Չհաջողվեց հաղթել, բայց կարևորն այն է, որ վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալ»-ի դեմ Սուպերգավաթի խաղը մենք ունենք ևս երկու ընկերական հանդիպումներ: Հուսամ՝ այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում»,- ասում է Մխիթարյանը:

Սուպերգավաթին և հաջորդ մրցաշրջանին ակումբի պատրաստված լինելու մասին խոսելիս, հայ կիսապաշտպանը նշեց.

«Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ` մարզիչը կասի, թե ինչ է պետք անել խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է, հաղթանակի պարագայում նվաճում ես տիտղոս»։

Իսկ ինչպես է Մխիթարյանը գնահատում մարզասերների աջակցությունը Միացյալ Նահանգներում.

«Իհարկե միշտ հաճելի է տեսնել լեփ լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում, ուր ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա տոն է իրենց համար: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից»:

Մխիթարյանը երախտապարտ է բոլոր և մասնավորապես հայ ֆոտբոլասերներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են թիմին:

«Մենք անցկացրել ենք 5 հանդիպումներ, և ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Ես շնորհակալ եմ, բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, ովքեր եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»:

Ռաֆայել Սահակով
Արամ Ավետիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս