«Կալանավորումն ընտրելիս և դրա ժամկետները երկարացնելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը կարծես թե Հայաստանում տարածված խնդիր է». ՄԻԵԴ
Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Բադալյանն ընդդեմ Հայաստանի գործով 20.07.2017թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումից մի հատված:
Ըստ այդմ, «48. Դատարանը վերջապես փաստում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս և կալանքի տակ պահելու ժամկետները երկարացնելիս, կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը կարծես թե Հայաստանում տարածված խնդիր է, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է, և որն արդեն իսկ փաստվել է մի շարք գործերով (տես Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի, Մալխասյան ընդդեմ Հայաստանի, Սեֆիլյան ընդդեմ Հայաստանի և Արա Հարությունյանի ընդդեմ Հայաստանի)»։
Ըստ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի մոտ կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: