Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խոշոր առևտրական համաձայնագիր է պատրաստում Մեծ Բրիտանիայի հետ
Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ խոշոր առեւտրական համաձայնագրի կնքման առիթով: Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել է, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մտադիր են անցկացնել հանդիպում՝ Brexit-ից հետո ազատ առեւտրի շուրջը պայմանագրի հնարավոր կնքման հարցի քննարկման համար:
Reuters-ի տվյալներով՝ Վաշինգտոնը եւ Լոնդոնը ցանկանում են երաշխավորել, որ Եվրամիությունից եւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրերից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բացասաբար չի անդրադառնա երկու երկրների միջեւ հարաբերությունների վրա այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ավիացիոն հաղորդակցությունը, առեւտրային տեղեկատվության պաշտպանությունը, միջուկային նյութերի եւ տեխնոլոգիաների առեւտուրը:
WSJ-ի հարցազրույցում Թրամփը նաեւ անդրադարձել Է Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրին (NAFTA): Նրա խոսքով՝ ինքը մտադրվել էր նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո դուրս գալ պայմանագրից, սակայն Մեքսիկայի եւ Կանադայի ղեկավարների հետ ունեցած զրույցներից հետո որոշել է նախ շանս տալ համաձայնագրի պայմանների վերանայման բանակցություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: