«Անմնացորդ նվիրվելու եմ յուրաքանչյուր խաղում». Նորայր Ասլանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կարճատև դադարից հետո այսօր մարզումները վերսկսած Հայաստանի չեմպիոնը ևս մեկ համալրում ունի:
«Ալաշկերտի» կազմը համալրել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Նորայր Ասլանյանը: Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր:
26-ամյա ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հանդիսանում է հավաքականի թեկնածու:
«Ալաշկերտի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո ֆուտբոլիստը պատմեց իր առաջին տպավորությունների և նպատակների մասին.
«Շատ դրական տպավորություններ ունեմ, ինձ թիմում հիանալի ընդունեցին: Դեռ անցյալ տարի կարող էի տեղափոխվել «Ալաշկերտ», սակայն հոլանդական ակումբի հետ պայմանագիր ունեի: Հիմա արդեն ոչ մի խնդիր չկար. արագորեն համաձայնության եկանք ակումբի ղեկավարության հետ: Նոր ակումբակիցներից մի քանիսի հետ շատ լավ ծանոթ եմ, քանի որ միասին հանդես ենք եկել ազգային հավաքականում:
«Ալաշկերտ» տեղափոխությունը, միանշանակ, շատ դրական քայլ է իմ կարիերայում: «Ալաշկերտը» վերջին տարիների հայկական լավագույն ակումբն է: Հետևում էի Հայաստանի առաջնության ընթացքին: «Ալաշկերտն» արժանիորեն դարձավ Հայաստանի չեմպիոն և շատ հաջող հանդես եկավ Չեմպիոնների լիգայում: Թիմը մոտ էր նաև ԲԱՏԷ-ի արգելքը հաղթահարելուն: Նպատակները հետևյալն են. Պետք է հաղթենք առաջնությունում, դառնանք գավաթակիր և հաջող հանդես գանք Չեմպիոնների լիգայում:
Ես էլ իմ կողմից կանեմ առավելագույնը` նոր թիմիս օգնելու համար: Ցանկանում եմ նպաստել «Ալաշկերտի» հաջողություններին գոլերով և գոլային փոխանցումներով: Անմնացորդ նվիրվելու եմ յուրաքանչյուր խաղում»,- նշեց Ասլանյանը:
Մինչև «Ալաշկերտ» տեղափոխվելը Նորայր Ասլանյանը հանդես է եկել Հոլանդիայում` պաշտպանելով տեղի «Գրոնինգեն», «Զվոլլե», «Էմմեն», «Վիլեմ II», «Ալմերե Սիթի» և «Տելստար» ակումբների գույները:
Սիրարփի Աղաբաբյան