Քրեակատարողական ծառայությունը՝ Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների մասին
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ։
«Հուլիսի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գևորգ Սաֆարյանի պաշտպանը hraparak.am կայքին հայտնել է, թե իր պաշտպանյալի պատժախցում մնալու ժամկետը լրացել է, սակայն վերջինս շարունակում է այնտեղ պահվել:
Սույն հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Գ. Սաֆարյանի` պատժախցում մնալու ժամկետը լրացել է հուլիսի 21-ին. վերջինս դուրս է բերվել պատժախցից: Օրենսդրությամբ սահմանված կարգով Գ. Սաֆարյանը տեղաբաշխվել է համպատասխան խուց, ուր տեղափոխվելուց հրաժարվել է:
Գ. Սաֆարյանը հրաժարվել է նաև այլ խցեր տեղափոխվել` պատճառաբանելով, թե նշված խցերում պահվող բոլոր անձանց հետ խնդիրներ ունի: Գ. Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում, մնացյալ դատապարտյալներից և կալանավորված անձանցից մեկուսի:
Հուլիսի 24-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս տեղաբաշխման հարցը լուծելու նպատակով Գ. Սաֆարյանին ևս մեկ անգամ առաջարկվել է տեղափոխվել իր ներկա կամ նախկին մասնաշենքի խցերից որևէ մեկը` բնականաբար հաշվի առնելով նրա համատեղելիությունն այլ անձանց հետ, ինչին Գ. Սաֆարյանը համաձայնել է»,- ասված է պարզաբանման մեջ: