«Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ թիրախավորված գնդակոծությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր են անհրաժեշտ»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:

Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:

Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս