
Տարբեր երկրներից Հայաստան կժամանեն հայ կաթողիկեներ

«Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառման շրջանակներում Հայաստան կժամանեն հայ կաթողիկեներ տարբեր երկրներից: Հուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկե Եկեղեցու «Աղաջանյան» կենտրոնում (Թորոսգյուղի հարևանությամբ, նախկին «Մանուշակ» ճամբարի տարածք) տեղի կունենա «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցի 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկե համայնքներից և Լեհաստանից:
Միջոցառումը հոգևոր, մշակութային, հասարակական է՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ կաթողիկե երիտասարդության միասնությունը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, մեկ ընդհանրական եկեղեցու պատկանելության և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Երիտասարդաց խմբից: Այս համազգային միջոցառման կազմակերպական բնույթը շարունակությունն է Կաթողիկե եկեղեցու «Երիտասարդության համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացության, որը կազմակերպվում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մեկ պարբերականությամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր երիտասարդների մասնակցությամբ: 2016թ. Կրակովում կազմակերպված Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թվով հայ կաթողիկե երիտասարդներ (353 երիտասարդ):
Ազգային երիտասարդական օրերը նույն ավանդության շարունակությունն է՝ ազգային մասշտաբով: Հուլիսի 28-31-ը երիտասարդները կմասնակցեն տարաբնույթ միջոցառումների:
Արմենուհի Մխոյան