«Հայաստանին ոչ թե թվաբանական փոփոխություններ են պետք, այլ՝ որակական». Հարություն Մեսրոբյան

Հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Պարոն Մեսրոբյան, այս տարվա առաջին 6 ամիսներին արձանագրված 6.1% տնտեսական ակտիվությունը բավարա՞ր է, հույս ներշնչո՞ւմ է։

– Ցանկացած աճ կամ անկում՝ թե՛ տնտեսության, թե՛ պետության, դիտարկելիս, առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել տնտեսության կառուցվածքի փոփոխության վրա, թե ո՞ր ոլորտներն են զարգանում, ո՞ր ոլորտներն են դոփում տեղում և, ընդհանրապես, ի՞նչ հեռանկարային զարգացումներ են սպասվում։ Նման բան ես, ճիշտն ասած, չեմ տեսնում։ Չի կարելի թվեր քննարկել՝ չիմանալով միտումները, թե որ ոլորտներն են զարգանում։ Հաշվի առնելով, որ այս տարի համեմատաբար եղանակային պայմանները վատը չեն, գյուղատնտեսությունը, երևի, տարեկան կտրվածով աճ կտա, բայց զուտ ռազմավարական իմաստով՝ զարգացման նախադրյալներ, միջանկյալ արդյունքներ ես չեմ տեսնում և որքան տեղյակ եմ՝ դա չի էլ հրապարակվել։

– Բայց կես տարվա կտրվածքով գյուղատնտեսությունը մի փոքր՝ 1.4% անկում ունի։ Սա տարօրինակ չի՞։

Կարդացեք նաև

– Ես տարեկան կտրվածքով եմ աճ ասում։ Կես տարվա արդյունքներով եզրակացություններ անելը ժամանակավրեպ է։

– Առևտրաշրջանառության 24% աճ է գրանցվել, այդ թվում՝ 21% ներմուծումը և 25.8% արտահանումը։

– Ես դրա համար եմ ասում՝ կարևորը տնտեսության կառուցվածքն է։ Առևտրաշրջանառության՝ ներմուծման և արտահանման կառուցվածքի փոփոխությունը միշտ պետք է վերլուծել։ Կառուցվածքից է երևում երկրի զարգացման կամ չզարգացման իրական վիճակը։ Օրինակ՝ Իռլանդիան ժամանակին զարկ տվեց իր IT ոլորտին, և այժմ արտահանման 1/3-ն այդ ճյուղին է պատկանում։

– Բայց մեր արտահանման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների արտահանումը կարծես թե չի երևում։

– Ես դրա համար եմ ասում, որ հնարավոր չէ խորքային վերլուծություն անել, քանի որ տվյալները, որոնք բերվում են, դրանք կառուցվածքային դինամիկան ցույց չեն տալիս։ Եթե, օրինակ, հայտարարվի, թե ՀՆԱ-ն աճել է 10%, բայց հետո պարզվի, որ հանքարդյունաբերությունն աճել է 20%, իսկ մյուս բոլոր ոլորտներն անկում են ապրել, և միայն հանքարդյունաբերության մեծ թռիչքի շնորհիվ է ՀՆԱ-ն ընդհանուր աճել, դա ինչպե՞ս կարելի է համարել աճ։ Ըստ էության, կառուցվածքային չափանիշերը պետք է քննարկել, դրանց փոփոխությունները ժամանակի մեջ։ Երբ սկսում են ընդհանուր թվեր գլորել, էլ չեմ խոսում, թե որքանով են արժանահավատ այդ թվերը, բայց ընդհանուր թվերը ցույց չեն տալիս երկրի անկման կամ զարգացման վտանգներն ու հնարավորությունները։

– Ձեր դիտարկումներով՝ կա՞ն զարգացման հնարավորություններ, կա՞ն ոլորտներ, որտեղ աճ կա։

– Պետք է հավաստի տվյալներ լինեն։ Ես գոնե թե՛ համացանցում, թե՛ սոցցանցերում նման թվեր չեմ տեսել։ Աճ չի լինի շատ պարզ պատճառով։ Ի դեպ, աճը պետք է տարանջատենք զարգացումից։ Զարգանում են, երբ դեպի լավն են փոխվում որակական չափանիշերը, աճում են, երբ փոխվում է քանակականը։ Օրինակ, նորից կրկնեմ, եթե հանքարդյունաբերությունը 20 %-ով ավելանա, դա աճ է, դա զարգացում չի։ Մենք ընդհանրապես վերլուծական մտքի մեջ պետք է որակական և քանակական չափանիշերի տարանջատում անենք, որովհետև հիմա Հայաստանին ոչ թե թվաբանական փոփոխությունններ են պետք, այլ՝ որակական։

Իսկ որակական փոփոխություններ չեն կարող լինել այն պարզ պատճառով, որ մեր ազգի միջավայրում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մոտ, թե՛ տարբեր տեսակի քաղաքացիական և նմանատիպ խմբակների մոտ չկա երկրի զարգացման տեսլական, ծրագիր՝ համապատասխան թիմով։  25-30 տարի ուղղակի գնում է դատարկախոսություն, ընդ որում՝ պոռոտախոսության իմաստով, ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի հայրենասեր է, գիշերն ավելի շատ չի քնում, երկիրը զարգացնելու մասին է մտածում, բայց քանի դեռ իշխանության գտնվող ուժը չունի երկիր կառավարելու պրոֆեսիոնալ թիմ, նշանակում է՝ ինքը զբաղվում է ինքնափիառով։ Նման ուժի, անգամ, եթե ամպագոռգոռ հայտարարություններ անեն, ընկնեն փողոցներ, խոսեն ամենավեհ բաներից, արժեքը հավասար է բացարձակ զրոյի։

 

Տեսանյութեր

Լրահոս