Բաժիններ՝

«Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա». նոր մանրամասներ հոգեբան Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքից

«Ես 30 տարի զբաղվում եմ փսիխոթերապիայով և նման բան առաջին անգամ եմ լսում։ Նման հիվանդները նույնիսկ վեճ չեն ունենում, հարաբերություններն այնքան ներդաշնակ են, որովհետև առանց այդ հարաբերությունների՝ ի՞նչ այցելություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ ընդգծելով, որ սպանված հոգեբան Ռուբեն Պողոսյանն իրենց ամբիոնի պրոֆեսոր էր, ուներ փսիխոթերապիայի 20 տարվա փորձ, պրոֆեսիոնալ էր։ «Նա մեղմ, հանգիստ, հոգատար, ջերմ անձնավորություն էր»,- ասաց նա։

Խուդոյանի խոսքով՝ այդ հիվանդի ագրեսիվ վարքը կարող էր պայմանավորված լինել այլ հանգամանքով.

«Դրսում կամ ընտանիքում, մի ուրիշ իրավիճակում խոշոր սթրես է եղել մարդու հետ, ինչը նրա մեջ յուրահատուկ աֆեկտիվ վիճակ է ստեղծել, և իր ագրեսիան թափել է նրա վրա, ում վրա կարողացել է։ Այստեղ հետաքրքիր է, որ այդ տղան հարձակվել է նաև աշխատակցուհու վրա։ Այսինքն՝ Պողոսյանին դանակահարելուց հետո նա հարձակվել է նաև աշխատակցուհու վրա, ով նրան հարվածել է, որից հետո սա փախել է։ Այսինքն՝ ներքին ագրեսիվության ինչ-որ պոռթկում կարող է եղած լինել։ Իհարկե, հետաքննությունը ցույց կտա։ Կարող է զուտ կենցաղային էլ ինչ-որ հարց լինել, օրինակ՝ պահանջներ հոգեբանից կամ հիմնարկից․ հետաքննությունը ցույց կտա»։

Հոգեբանն ընդգծեց, որ հիվանդի ախտորոշումն էլ հայտնի չէ, որովհետև ախտորոշումն իմանում է հենց ինքը՝ հիվանդին բուժող մասնագետը.

«Բայց այն, որ հայտարարվեց՝ նա հոգեբույժի վերահսկողության տակ է, դեղորայքային բուժում է ստանում, նշանակում է, որ հոգեկան հիվանդության հետ գործ ունենք։ Հետաքրքիրն այն է, որ նա 3 տարի այցելել է Ռուբեն Պողոսյանին, այդ երեք տարվա ընթացքում ի՞նչ եղավ հենց այդ օրը, այդ ինչպե՞ս եղավ։ Վճարումն այնպես չէ, որ դու ամբողջ կուրս ես վերցնում, վճարում ես ամեն հանդիպման համար։ Այսինքն՝ եթե 3 տարի մարդը եկել է, ուրեմն՝ գտել է, որ այդ մարդն իրեն օգնում է, իրեն պետք է, և ջերմ հարաբերություններ պետք է որ հաստատված լինեն։ Դրական կապը եղել է, հակառակ դեպքում նա 3 տարի հաստատ չէր այցելի, և ես ենթադրում եմ, որ նրա մոտ գիտակցության խանգարում՝ աֆեկտիվ վիճակ կարող է եղած լինել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս