Բաժիններ՝

«Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի հետ կապված խնդիրներին:

Ըստ նրա` իրենց որդեգրած քաղաքականության արդյունքում պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների քանակը 127-ից նվազեցվել է մինչև 85, իսկ 2016 թվականի հոկտեմբերից շուրջ 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասությունը պատվիրակվել է նաև մասնավոր կազմակերպությունների:

Կ.Կարապետյանի խոսքով` միաժամանակ, այն ծառայությունները, որոնք մատուցվում են բացառապես պետական մարմինների կողմից, դեռևս պարունակում են խնդիրներ, մասնավորապես` կան իրավաբանական և ֆիզիկական անձանց լիցենզիաների և այլ փաստաթղթերի տրամադրման ձգձգումներ, վարչարարական ձևական պահանջներ և այլն:

«Ավելին, որոշ գերատեսչություններում բացակայում են պետական ծառայությունների մատուցման միասնական մեխանիզմները կամ մեկ պատուհանի հնարավորությունը»,- ասաց Կ.Կարապետյանը` հանձնարարելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել լիցենզիաների, թույլտվությունների, հավաստագրերի և այլ փաստաթղթերի տրամադրման ժամկետները հստակեցնելու, վարչարարությունը պարզեցնելու, կանխատեսելի դարձնելու, մեկ պատուհանի սկզբունքն ապահովելու և ըստ անհրաժեշտության դրանց քանակը նվազեցնելու գործողությունների ծրագիր:

Վարչապետը նշեց, որ պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել գերատեսչական իրավական ակտերով սահմանված կարգավորումներին.

«Մեկ ամիս հետո նման դեպքերը պետք է բացառվեն: Մենք հիմա չենք հայտարարում, թե որ գերատեսչություններն են, յուրաքաչյուրը երևի գիտի: Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս