
Մերկելը դատապարտել է Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանի կալանավորման փաստը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Կանցլերը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունն ամեն բան անելու է Ստոյդթներին ազատ արձակելու նպատակով: «Այս ամենը խիստ մտահոգիչ է»,- ասել է Մերկելը՝ «բացարձակապես անիրավ» անվանելով գերմանացի իրավապաշտպանին կալանավորելու մասին որոշումը:
Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:
Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Միացյալ Նահանգները ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ազատել իրավապաշտպաններին ու պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները: