
Հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
2017թ. հուլիսի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է ոմն Միլենայի հետ, ով ներկայացել է որպես մարմնավաճառ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ համապատասխան վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունենալ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ երիտասարդը հուլիսի 15-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, այցելել է Միլենայի մատնանշած՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, որտեղ տեսել է կանացի հագուստով երկու անձի։ Հասկանալով, որ վերջիններս իրականում տղամարդիկ են՝ երիտասարդը փորձել է անմիջապես հեռանալ, սակայն բնակարանում գտնվող անձինք դանակի գործադրման սպառնալիքով իրենից հափշտակել են գումար, որից հետո միայն թույլ տվել հեռանալ։
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: