«Ամեն գործողության համար կա հստակ ժամանակացույց». Էրիկ Գրիգորյան
«Կառավարության ծրագիրը 2017-2022թթ. համար է, սակայն արդեն ունենք որոշակի նախանշված գործողությունը, մասնավորապես՝ էկոլոգիական քաղաքականության նոր հենքի մշակում, որոշակի գործողություններ՝ կապված արարատյան արտեզյանի վերահսկման մեխանիզմների ներդրման հետ, և այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ կան փոփոխություններ նաև ընցակարգերի պարզեցման, լիցենզիաների, թույլտվությունների միասնական համակարգերի ներդրման մասերով, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ կապված որոշակի գործողությունների, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և այլնի հետ կապված գործողություններ.
«Որոշ գործողություններ կապված են Սևանա լճի հավասարակշռության, կենսաբազմազանության պահպանության հետ։ Ամեն գործողության համար կա հստակ ժամանակացույց»։
Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին՝ փոխնախարարն ասաց, որ կառավարությունը քննարկում է գործունեության ընթացքում մոնիտորինգի համակարգի ներդրումը. «Երբ հանքարդյունաբերողները գործունեության թույլտվություն են ստանում, հաջորդում են մոնիտորինգային որոշ ցուցանիշներ: Հանքարդյունաբերողները պարտավոր են ոչ միայն մոնիտորինգ իրականացնել, այլ նաև համապատասխան տեղեկատվությամբ կիսվել հասարակության, ՏԻՄ-երի և կառավարության հետ»: